Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 9-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը` ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնախմբի անդամների ու Կոնգրեսի աշխատակիցների, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի, Ամերիկայի հայկական համագումարի ու ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ, ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության ոգեկոչման ամենամյա արարողությանը ԱՄՆ Սենատի «Հարտ» մասնաշենքում:
Միջոցառմանը ներկա էին Հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փըլոնը, Գաս Բիլիրաքիսը և Ջեքի Սփիըրը, փոխնախագահ Ադամ Շիֆը, կոնգրեսականներ ԹիՋեյ Քոքսը, Ջուդի Չուն, Ջիմ Կոստան, Բրեդ Շերմանը, Քեթրին Քլարքը, Ռաջա Քրիշնամուրտին, Բրեդլի Շնայդերը և Փիթ Վիսքլոսկին, որոնք իրենց ելույթներում անդրադարձան Հայոց ցեղասպանության դատապարտման ու ճանաչման կարևորությանը և Հայաստանի նոր կառավարության ձեռնարկած ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու անհրաժեշտությանը: Իր խոսքում դեսպան Վարուժան Ներսեսյանը շնորհակալություն հայտնեց Հայկական հանձնախմբին ու բոլոր այն անհատներին, ովքեր աջակցել են ու շարունակում են աջակցել 20-րդ դարի մեծագույն ոճրագործություններից մեկի ճանաչմանը` որպես ապագա ցեղասպանությունները կանխելու գլխավոր նախապայման:
Կոնգրեսականներ Ադամ Շիֆի ու Գաս Բիլիրաքիսի կողմից վերջերս ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձևը, որին արդեն միացել են ԱՄՆ Կոնգրեսի 70-ից ավելի անդամներ, կոչ է անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, մերժել ԱՄՆ կառավարության կողմից Հայոց ցեղասպանության կամ այլ ցեղասպանությունների ժխտման բոլոր փորձերը, խրախուսել այս հարցում կրթության ու հանրային իրազեկվածության բարձրացումը, այդ թվում` Հայոց ցեղասպանությունից հետո ԱՄՆ մարդասիրական աջակցության և ժամանակակից աշխարհում մարդկության դեմ հանցագործությունների վրա դրա ազդեցության տեսանկյունից: