կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-10 11:18
Հասարակություն

Կրթական բարեփոխումները շարունակվելու են

Կրթական բարեփոխումները շարունակվելու են

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պաշտոնական հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի ամերիկյան գրասենյակի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների կրթության ստորաբաժանման ղեկավար Ալբերտո Ռոդրիգեսի գլխավորած պատվիրակության հետ:

«Կրթական բարեփոխումները մեր երկրում շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև մենք ունենանք մեր հասարակության պահանջներին ու միջազգային չափանիշներին համահունչ կրթական համակարգ»,- նշել է նախարարը:

Համաշխարհային բանկի ամերիկյան գրասենյակի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների կրթության ստորաբաժանման ղեկավար Ալբերտո Ռոդրիգեսը կարևորել է հանգամանքը, որ Հայաստանում կրթական բարեփոխումների ընթացքն առաջնահերթ է դիտարկվում երկրի բարձրագույն իշխանությունների կողմից: Նա արտահայտել է այսուհետ ևս կրթական բարեփոխումների իրականցմանն աջակցելու` ՀԲ-ի պատրաստակամությունը: Նշվել է, որ առաջիկայում իրականացվելու է կրթական բարեփոխումների առկա իրավիճակի վերլուծություն, որն էլ հիմք կհանդիսանա համագործակցության հետագա ծրագրերի համար:

Հանդիպման ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարարը, ներկայացնելով Բոլոնիայի գործընթացի շրջանակում մեր երկրում իրականացվող բուհական համակարգի բարեփոխումները, նշել է. «ՀՀ կառավարության համար առաջնային է առաջիկա տարիներին մեր երկրում ունենալ միջազգային չափանիշներով հավատարմագրված որոշակի թվով համալսարաններ, որոնք կդառնան մեր բարձրագույն մասնագիտական կրթական համակարգի լոկոմոտիվը»:

Բոլոնիայի գործընթացի համատեքստում` նախարարը ընդգծել է նաև միջազգային կառույցների կողմից տարածաշրջանում գործող համալսարանների վարկանշավորման կարևորությունը, որը մրցակցային դաշտ կապահովի` նպաստելով բարձրագույն կրթության որակի բարելավմանը ողջ տարածաշրջանում: