կարևոր
7462 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-05-20 10:14
Տարածաշրջան

Իրանի կառավարության աշխատանքը շարունակվելու է առանց խափանումների. հայտարարություն

Իրանի կառավարության աշխատանքը շարունակվելու է առանց խափանումների. հայտարարություն

Իրանի կառավարությունը վստահեցրել է, որ նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահը նախարարների կաբինետի աշխատանքի խափանումների չի հանգեցնի։ Այս մասին ասվում է նախարարների կաբինետի թելեգրամյան ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, կառավարության աշխատանքը շարունակվելու է «առանց խափանումների»։

Իրանի նախագահի լիազորությունները, համաձայն երկրի Սահմանադրության, երկու ամսով կփոխանցվեն առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերին։ Նա կստանձնի երկրի ղեկավարությունն առաջիկա երկու ամիսներին, իսկ 50 օրվա ընթացքում նոր նախագահական ընտրություններ կանցկացվեն։

Ըստ ԻԻՀ Սահմանադրության՝ նախագահի առաջին տեղակալը, խորհրդարանի նախագահը և դատական համակարգի ղեկավարը ձևավորելու են խորհուրդ, որն առավելագույնը 50 օրվա ընթացքում պետք է կազմակերպի նոր նախագահի ընտրությունը։

Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը երեկ՝ մայիսի 19-ին, «կոշտ վայրէջք» է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։