կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-16 17:39
Քաղաքական

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ցինիզմի բացարձակ դրսեւորում էր. Ռուբեն Հակոբյան

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ցինիզմի բացարձակ դրսեւորում էր. Ռուբեն Հակոբյան

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իր կուսակցության հիմնադիր համագումարում պատասխանելով հարցին, թե ինչո?ւ ՀԱԿ-ը չմիացավ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժմանը, ասել էր. «Իսկ ինչո՞ւ միանայի Րաֆֆի Հովհաննիսյանին, որպեսզի աղոթեի՞ Վովա Գասպարյանի հետ: Կներեք, ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, բայց Վովա Գասպարյանի հետ մոմավառությունն իմ մանկության երազանքը չի եղել»:

 

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօրվա ասուլիսում պատասխանեց Լեւոն Տեր-Պետրոսյանին նրա ոճով. «Այն 10-ը զոհերի մանկության երազանքը չի եղել, որ նրանք հավատան Ձեզ եւ Ձեր կողքին կանգնեն, իսկ ամենավճռական պահին Դուք պետք է թաքնվեիք Ձեր 4 պատերի ներսում եւ հայտարարեիք, որ իշխանությունը անվտանգության երաշխիքներ Ձեզ համար չի տալիս եւ տանեիք երիտասարդներին դեպի գնդակահարություն: Վստահեցնում եմ' դա ո'չ նրանց, ո'չ էլ նրանց ծնողների մանկության երազանքը չի եղել: Եթե Դուք չեք ներում Րաֆֆի Հովհաննիսյանին, որ ժողովրդին չտարավ բախումների եւ չմնացին ասֆալտին դիակներ՝ դա Ձեր խնդիրն է: Րաֆֆի Հովհանիսյանն ի սկզբանե հայտարարել էր, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի չկրկնվի Մարտի 1-ը: Այս կեցվածքը ցինիզմ էր և քաղաքական նեռության դասական արտահայտություն: Ասում են' ինչո՞ւ ընդդիմությունը չմիավորվեց, ես հայտարարում եմ' ընդդիմադիր դաշտի թիվ 1 պառակտողը հենց Լևոն Տեր-Պետրոսյանն է: Օրինակ' այն ՀԱԿ անդամները, որոնք քիչ թե շատ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժման կողքին են կանգնել, չեն հրավիրվել ՀԱԿ-ի համագումարին»


Նույն համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ԲՀԿ-ի հասցեին գովեստի խոսքերը Ռուբեն Հակոբյանը համարում է վիրավորանք այդ կուսակցության հասցեին: Նրա խոսքով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի նպատակը ավազակապետական համակարգից այս կամ այն անդամին պոկելն է եւ նրանց իշխելը: «Չկա ոչ մի երաշխիք, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը գա իշխանության, ապա չի շարունակի այն, ինչ սկսել է 1996-ին, առավել եւս որ նա ներողություն չի խնդրել պետականությանը նման վնաս հասցնելու համար: Բացի այդ` նրա կողքին է մնում նրա «գլխավոր ճարտարապետ» Գագիկ Ջհանգիրյանը, ով երկրում բացասական երեւույթների հիմնադիրն է, որոնք մինչ օրս հնարավոր չէ արմատախիլ անել»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

 

Նա նաեւ նշեց, որ ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչներից շատերը թաքստոցից սպասում էին, թե երբ պետք է հարձակվեն Րաֆֆի Հովհաննիսյանի վրա: Այն խոսքերը, որոնք հնչեցին քաղաքական ուժերի կողմից հետընտրական շրջանում, «Ժառանգության» ներկայացուցիչը համարում է ձեւականություն, եւ որ նրանք պայքարում էին շարժման եւ Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ։ Բացառությամբ ՀՅԴ-ի՝ որեւէ մեկը շարժմանը չմասնակցեց եւ իշխանափոխություն անելու իր խոսքը գործի չվերածեց: