Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանը կանգնած է ընդդեմ իշխող համակարգի համաժողովրդական ապստամբության փաստի առաջ. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, քաղաքագետ Աշոտ Մանուչարյանը:
Նրա խոսքով` ապստամբությունը հասունանում էր, բայց պարբերաբար ընդհատվում էր այլեւայլ գործընթացներով: Այդ գործընթացներից մեկն էլ երկխոսությունն էր: Այժմ երկխոսությունն ընդհատված է, եւ Կոնգրեսը ո'չ ժամանակ, ո'չ էլ հնարավորություն ունի` ինչ-որ այլ քայլեր կատարելու. նա պետք է կա'մ առաջնորդի այդ ապստամբությունը, կա'մ վերանա քաղաքական ասպարեզից: Մանուչարյանի կանխատեսմամբ` ՀԱԿ-ը կգնա առաջին ճանապարհով:
Ըստ նրա` ցասումը հսկայական է, եւ երբ սկսվի ընդվզման պրոցեսը, շատ արագ կվերածվի համընդհանուրի: Հարցին` թե ե՞րբ կսկսվի ընդվզումը, Մանուչարյանը պատասխանեց` հավանաբար սեպտեմբերի ընթացքում. «ՀԱԿ-ը ստիպված է լինել սկսողը, բայց տանողը լինելու է ժողովուրդը: Եթե ընդվզումն ամբողջական լինի, մենք առանց էական ցնցումների կանցնենք նոր վիճակին»:
Մանուչարյանը նաեւ վերահաստատեց ամիսներ առաջ արած իր հայտարարությունը, որ ՀԱԿ-իշխանություն երկխոսության կնքահայրը Միացյալ Նահանգներն է: Իսկ երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ո՞վ է երկխոսության առկախման կնքահայրը, քաղաքագետը նշեց, որ երկխոսությունն առկախվել է Ռուսաստանի պատճառով:
«Ռուսաստանը սա արդարացիորեն դիտել է մի գործիք, որն իր ազդեցությունը Հայաստանում կասեցնում է եւ փոխարենը հաստատում գերակայող ԱՄՆ-ի ազդեցությունը»,- նշեց նա եւ հավելեց, որ խնդիրը Տիգրան Առաքելյանը չէ. «Մարդիկ բանակցում էին եւ պիտի գտնեին մի բանաձեւ, թե ոնց են դուրս գալու ճգնաժամից: Կոնգրեսն ասում էր` եկեք նոր ընտրություններ անցկացնենք, կատարենք իշխանության վերաբաշխում, եւ դա մեզ դուրս կբերի այս հանգրվանից, կտանի այլ հանգրվան: Իշխանությունն էլ ասում էր` ո՞վ է ձեզ ասել, որ նոր հանգրվան ենք գալու. մենք գալու ենք նոր դեմքերի` նույն հանգրվանում: Ահա եւ արդյունքը»: