կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-10 13:40
Քաղաքական

Հարկային փոփոխությունները սոցիալական ընդվզման են հանգեցնելու, ժողովրդին քաղաքական քայլերով հնարավոր չի լինելու կերակրել. Մեսրոպ Մանուկյան

Հարկային փոփոխությունները սոցիալական ընդվզման են հանգեցնելու, ժողովրդին քաղաքական քայլերով հնարավոր չի լինելու կերակրել. Մեսրոպ Մանուկյան

Վերջերս ԱԺ-ում քննարկվում էր բյուջեի ծախսային մասը, որպեսզի հաստատվի: Ներկայացված թվերից պարզ դարձավ, որ  3.6 միլիարդ դրամ ծախսային հատվածը թերակատարվել է, այսինքն՝ ծախսերը չեն կատարվել, որի առյուծի բաժինը վերաբերում է բնակարանաշինությանը: Այս մասին լրագրողներին ասաց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ պնդելով, որ բյուջեում գումարներ եղել են, բայց կառավարությունը թերացել է, ինչի մասին կարող են վկայել շինարարական ընկերությունները: 

«Այստեղ նրանք  կատարել էին ծրագրերի 46 տոկոսը միայն, 54 տոկոսը չէին իրականացրել: Կամ` ոռոգման համակարգի արդիականացման հետ կապված մոտ 28  տոկոս թերակատարում են ունեցել: Այստեղ բացի այն, որ բյուջետային ծախսեր էին, դրանք նաև վարկային համաձայնագրերի արդյունքում  պիտի իրականացվեն, և քանի որ այս նախագծերը չեն կատարվել, բնականաբար, տույժեր և տուգանքներ են վճարել: Ֆինանսների նախարարն ինքը փաստեց, որ միայն մի ծրագրով կես միլիոն դոլարի վնաս են փոխհատուցել: Նրանք մի կողմից մեղադրում են, որ կոռուպցիոն ռիսկեր են նկատում շինարարության ոլորտում, մյուս կողմից հայտարարվում է՝ կոռուպցիա չկա: Իրար հակասող փաստարկներից քաղաքացին է տուժում, քանի որ այդ գումարը մտնում է տնտեսության մեջ և մուլտիպլիկատորի էֆեկտով ազդում ՀՆԱ-ի վրա, նաև` ճյուղային ազդեցություն ունենում: Այս պարագայում արդեն խնդիր ունենք, որ կառավարման համակարգում լուրջ թերացումներ կան, որոնք առարկայական են, և չի հաջողվում վերացնել»,- նշեց նա:

Մեսրոպ Մանուկյանը շեշտեց, որ, սրան գումարած, կառավարությունը հարկային փոփոխություններ է նախաձեռնել, որոնք ևս ծանր սոցիալ-տնտեսական հետևանք են ունենալու հասարակության համար: «Առաջինը գույքահարկն : Նախնական տարբերակով պլանավորվում է բոլոր տեղերում գույքահարկի բարձրացում: Հիմա պատկերացրեք, որ մտավորականի ընտանիքում ծնվածը բնակարան է ժառանգություն ստացել Սայաթ-Նովա փողոցում, բայց ֆինանսական միջոցներ չունի տարեկան 400-500 հազար դրամ գույքահարկ վճարելու, նա մեղավոր չէ, որ այդտեղ բնակարան է ժառանգություն ստացել: Կամ` Մասիվում ապրողը, որը 7000-ի փոխարեն պիտի վճարի 90-100 հազար: Գույքահարկի նման բարձրացումը լրացուցիչ հարկային բեռ է քաղաքացու համար, այն էլ` այն պարագայում, երբ աշխատավարձ չի բարձրացել, երկրում տնտեսական դրական փոփոխություն չի եղել:  Եվ այստեղ պետությունը կատարում է երկրորդ սխալը, այն  է՝ եկամտահարկի համահարթեցում: Առաջին հայացքից սա շատ ճիշտ է, երբ բոլոր 23 տոկոս պիտի վճարեն, բայց բյուջեում 25 մլրդ-ի բաց է առաջանում, որը ենթադրում է լրացուցիչ հարկերի ներդրում. ակցիզային հարկը բարձրանալու է 4 տոկոսով, ինչը դիզվառելիքի, հեղուկ գազի պարագայում գնաճի է բերելու: Երրորդ՝ հասարակության մեջ խորանալու է բևեռեցումը. եթե առաջ շատ աշխատավարձ ստացողը ավելի մեծ հարկեր էր վճարում, ապա հիմա շատ աշխատավարձ ստացողի մոտ դրական մեծ փոփոխություն է տեղի ունենում, որովհետև սկսում է ավելի քիչ հարկ վճարել,  իսկ մեր երկրում գերակշիռ մաս կազմող` մինչև 150.000 աշխատավարձ ստացողի կյանքում դրական ոչինչ չի փոխվում»,-մանրամասնեց Մանուկյանը:

Ըստ նրա` կառավարության այս փոփոխությունները սոցիալական ընդվզման են հանգեցնելու: «Անվստահություն կհայտնի ժողովուրդը, որի միակ պատճառը սոցիալական անարդարությունն է: Այսօր ՀՀ-ում տպավորություն է, որ մենք ապրում ենք Հին Հռոմում, երբ ժողովրդին չեն կարողանում կերակրել, ուստի կազմակերպում են  «գլադիատորական մարտեր»: Իշխանությունը դեռ փորձում է աշխատեցնել սա, այսինքն՝ այն մարդուն, որը նախկինում հասարակության կողմից ընդունված չի եղել, փորձում են «մորթել»՝ դատի տալու, ձերբակալելու տարբերակով: Բայց ես տեսնում եմ, որ ժողովրդի համբերության բաժակը լցվում է, և այն պոտենցիալ լցված կլինի խոր  աշնանը, երբ ժողովրդին քաղաքական քայլերով հնարավոր չի լինի կերակրել»,- ընդգծեց Մանուկյանը:

Վերադառնալով շինարարական ոլորտում թույլ տրված թերացումներին` Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամը շեշտեց, որ կառավարության պնդումը, թե 302 կմ ճանապարհ է կառուցվելու, տարվա վերջում իրականությանը չի համապատասխանելու, քանի որ մինչ այսօր բոլոր մրցույթները չէ, որ հայտարարվել են: