կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-03 13:31
Քաղաքական

Զավեշտալի է, որ ասում են` «մահ իշխանություններին», բայց դա անելու են խաղաղ ընդվզման միջոցով. Աշոտյան

Զավեշտալի է, որ ասում են` «մահ իշխանություններին», բայց դա անելու են խաղաղ ընդվզման միջոցով. Աշոտյան

Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ քաղաքական գնահատական կարող է տալ Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» ընդդիմադիր ուժերի կողմից նախաձեռնված շարունակական հանրահավաքներին ու նստացույցին, ասաց, որ չի ցանկանում քաղաքական գնահատական հնչեցնել, սակայն, որպես նախարար, կարող է ասել, որ այդ ընդդիմադիր ուժերի կողմից փորձ է արվում ապակայունացնել կրթական հաստատությունները` դասադուլի կոչեր անելու միջոցով:

Նախարարը չհամաձայնեց լրագրողների այն դիտարկմանը, թե դասադուլն անձի սահմանադրական իրավունքն է: «Չկա նման բան, դասադուլի մասին Սահմանադրության մեջ որևէ բան գրված չէ»,- ասաց նա:

Աշոտյանը նաև վստահեցրեց, որ դպրոցներում «այո»-ի քարոզչություն չի եղել, ընդամենը մեկ ահազանգ է հաստատվել` Գառնու ավագ դպրոցն է եղել, որի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը խիստ նկատողություն է ստացել:

«Երկրի օրենքները բոլորի համար են, և քարոզչությունն արգելված է կրթական հաստատություններում` դասի ժամերին»,- ասաց նախարարը և հավելեց. «Ամենազավեշտալին այն է, որ Ազատության հրապարակում գոչում են` «մահ իշխանություններին», բայց դա փորձում են անել խաղաղ ընդվզման միջոցով»: