|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ի թիվս այլ բարեփոխումների, որոշել է ոստիկանության արտաքին ծառայությունում աշխատող ոչ այնքան բարետես աշխատակիցներին փոխարինել բարետեսներով: Նրանք, ովքեր «ալիմենտար ճարպակալում եւ ճանապարհային ոստիկանին ոչ հարիր արտաքին ունեն, կանցնեն գրասենյակային ծառայության»:
«Չեմ ուզում, որ մեր փողոցներում քաղաքացիները տեսնեն էդ տեսքով ոստիկանի: Նրանց տարիների աշխատանքը հարգում եմ, չեմ ուզում համակարգից դուրս թողնել: Պարզապես էդ մարդկանց տանում եմ այլ ծառայության` կաբինետային աշխատանքի»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց Ալիկ Սարգսյանը` տեղեկացնելով, որ կադրային փոփոխություններ են իրականացվում նաեւ «Զվարթնոց» օդանավակայանում. ոստիկանապետն այնտեղ տանում է «ձգված, ավելի բարետես աշխատակիցների, որովհետեւ մարդկանց, ովքեր մուտք են գործում հանրապետություն, այնքան էլ հաճելի չէ տեսնել փորով, դեֆորմացված ոստիկանի»:
Ա. Սարգսյանի կարծիքով` ոստիկանի արտաքին տեսքը խիստ կարեւոր հանգամանք է, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է արտաքին ծառայությանը:
«Մենք էլի շատ աշխատակիցներ ունենք, ովքեր տարիների ընթացքում փոքր-ինչ դեֆորմացվել են, ճարպակալել եւ այլն: Թող նստեն, կաբինետներում աշխատեն, պարտադիր չէ` ժողովրդի աչքի առաջ ցուցադրական հանդես գան»,- եզրակացրեց ոստիկանապետը: