կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-30 11:02
Առանց Կատեգորիա

Մենք շատ ժամանակ չունենք

Մենք շատ ժամանակ չունենք

Հարցազրույց «Տապան» անկախ փորձագետների ասոցիացիայի համակարգող Գեղամ ՆԱԶԱՐՅԱՆԻ հետ:

- ՀԱԿ-իշխանություն երկխոսության դադարեցումը կհանգեցնի՞ արդյոք նոր քաղաքական լարվածության աշնան ամիսներին:

- Շատ ավելի կարեւոր գործոններ կարող են հանգեցնել հասարակական ընդվզումների: Սոցիալական լարվածությունը գնալով մեծանում է, և ժողովրդի կենսամակարդակը շարունակում է շեշտակի անկում ապրել: Տիգրան Սարգսյանի վարած անհասկանալի տնտեսական քաղաքականությունը բերել է մի վիճակի, որ գրեթե ցանկացած քաղաքական ուժ կամ հասարակական գործիչ, այդ թվում` ՀԱԿ-ը, ցանկացած պահի ժողովրդին կարող է փողոց դուրս բերել: Ժողովրդի մի զգալի հատվածը հուսահատ վիճակում է եւ ցանկացած կոչով պատրաստ է փողոց դուրս գալ:

Ուշադրության է արժանի այն, որ կառավարության տնտեսական քաղաքականությունը հարվածում է սոցիալական բոլոր շերտերի շահերին: Այսօր առկա իրավիճակից դժգոհ են թե՛ շարքային քաղաքացիները, թե՛ բիզնեսի ներկայացուցիչները, թե՛ պետծառայողները: Արդեն սովորական է դարձել, որ գործարարներն իրենց բիզնեսը տեղափոխում են արտերկիր, սովորական է դարձել, որ առանց հիմնավոր պատճառների ապամոնտաժվում են կրպակներ, որոնց միջոցով մարդիկ իրենց ընտանիքների օրվա հացն են ապահովում:

- Իշխանությունները կրպակների ապամոնտաժումը համարում են անհրաժեշտ քայլ:

- Եթե անհրաժեշտություն է մարդկանց օրվա հացից զրկելը, ապա իշխանությունների տրամաբանությունն արդեն ամբողջովին անհասկանալի եւ անընդունելի է: Մի պահ նրանք անհրաժեշտ էին համարում նեղել տաքսիստներին, դրանից առաջ անհրաժեշտ համարեցին վերացնել պարզեցված հարկը եւ ծանր հարված հասցնել փոքր բիզնեսի հազարավոր ներկայացուցիչներին: Ստացվում է, որ այս կառավարության հիմնական նպատակը ժողովրդին ավելի նեղ վիճակի մեջ գցելն է: Եթե այս ամենին գումարենք կոպիտ սխալներով լեցուն հարկային, ֆինանսաբյուջետային քաղաքականությունը, ապա մեկ անգամ եւս պարզ կդառնա, թե ինչ ահավոր վիճակում է գտնվում մեր երկիրը: Եվ այսքանից հետո պետք չէ զարմանալ, թե արտագաղթն ինչու է վտանգավոր մակարդակի հասել:

- Կառավարությունը վստահեցնում է, որ իր քայլերը հանգեցնում են տնտեսական աճի: Վտանգավոր չի համարում նաեւ արտաքին պարտքի մեծացող բեռը…

- Տիգրան Սարգսյանը զբաղված է բացառապես նյուվասյուկիզմով: Այս կառավարությունը բլեֆի մեծագույն սիրահար է: Մարդիկ չեն մոռացել, որ երբ աշխարհը ծնկի էր եկել համաշխարհային տնտեսական ճգնաժամի առաջ, վարչապետը, նայելով ժողովրդի աչքերին, ասում էին, թե Հայաստանը ճգնաժամից վախեցողը չէ: Հետո Հայաստանը ճգնաժամի կողմից նոկաուտի ենթարկվեց: Ընդ որում, եթե կառավարությունը մեծամիտ հայտարարությունների փոխարեն գործով զբաղվեր, ճգնաժամի հարվածներն անհամեմատ թեթեւ կլինեին: Իսկ ճգնաժամի օրերին նախարարներից մեկը հայտարարեց, թե մենք հաղթահարել ենք ճգնաժամը: Դրանից դեռ երկար ամիսներ անց մեր տնտեսոսւթյունը չէր կարողանում ուշքի գալ: Ճգնաժամը Հայաստանում փոքրինչ հաղթահարվեց ոչ թե բնականոն, այլ արհեստական եւ ոչ ճիշտ ճանապարհով: Կառավարությունը սկսեց այս ու այնտեղից վարկեր վերցնել:

Հիմա գալիս է այդ վարկերը մարելու ժամանակը: Իսկ բյուջեն հնարավոր է լցնել միայն արհեստական ճանապարհով, քանի որ նույն կառավարության վարած տնտեսական քաղաքականության պատճառով Հայաստանի տնտեսությունը ծանր հիվանդ է: Դժվար չէ կռահել, որ վարկերի մարման ամբողջ ծանրությունն ընկնում է մի քանի ծանր հարվածներ ստացած բիզնես դաշտի վրա: Այնպես որ, հասկանալի է, թե ինչու են մեծ եւ փոքր գործարարները, մեղմ ասած, դժգոհում Տիգրան Սարգսյանի վարած տնտեսական քաղաքականությունից:

- Ի՞նչ ելք եք տեսնում այս իրավիճակից դուրս գալու համար:

- Եթե մենք ցանկանում ենք խուսափել առավել ծանր իրավիճակում հայտնվելուց, եթե ցանկանում ենք խուսափել սոցիալական ցնցումներից, եթե ցանկանում ենք գոնե կրճատել արտագաղթի ծավալները, ապա այս պահին գոնե պետք է կտրուկ փոխենք տնտեսական քաղաքականությունը, իսկ դրա համար անհրաժեշտ են կադրային արմատական փոփոխություններ: Ընդ որում՝ վարչապետի եւ նոր կառավարության ձեւավորումն այն հարցն է, որ կարող է համախմբել տարբեր կուսակցությունների: Համախմբել այն քաղաքական ուժերին, որոնք ընդունում են, որ այսպես այլեւս հնարավոր չէ շարունակել: Սա այն հարցն է, որը կարող է համախմբել տարբեր բեւեռներում գտնվող քաղաքական ուժեր՝ «Բարգավաճ Հայաստանը», խորհրդարանական ընդդիմություն ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», արտախորհրդարանական ընդդիմություն՝ Ազատ դեմոկրատների կուսակցությունը:

Այստեղ հատուկ ուզում եմ ընդգծել ՀՀԿ-ն: Այս կուսակցությունը կա՛մ շարունակում է սատարել այս կառավարությանն ու վերցնել ողջ պատասխանատվությունը սերունդների առաջ, կա՛մ հստակ տարանջատվում է այս ամենից: Այլ տարբերակ գործնականում չկա: Վստահ եմ, որ մենք շատ ժամանակ չունենք իրավիճակը շտկելու համար, իսկ վարչապետի եւ կառավարության փոփոխությունը երկիրը ճգնաժամից դուրս բերելու եւ սոցիալական ցնցումներից խուսափելու համար անհրաժեշտ առաջին քայլն է:

Սուրեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ