Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օրերս կայացած մի ասուլիսում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ոլորտի հաջողություններն ու առաջիկա ծրագրերը ներկայացնելով, մասնավորապես նշել է, որ վերջին շրջանում հանրապետությունում աճում է անասնագլխաքանակը:
Թե որքանով դա պիտի ուրախացնի մեր բնակչությանը, երբ անասնագլխաքանակի աճի հետ «թևանցուկ» բարձրանում են նաև մսամթերքի ու զանազան կաթնամթերքների գները, հայտնի չէ. գյուղնախարարին, ըստ երևույթին, ավելի շատ անհրաժեշտ է եղել ղեկավարության ունկը շոյող ինչ-որ թվեր կրակել, և նա կրակել է:
Ոչխարաբուծության զարգացման առումով ձեռք բերված «ակնառու» հաջողություններից բացի («ի պատասխան» հանրապետությունից հայտնի օլիգարխներից մեկի ձեռքով խոշոր քանակությամբ ոչխարի արտահանման մասին մտահոգությունների)` գյուղնախարարը նշել է, որ մինչև տարեվերջ հանրապետությունում կաճի նաև խոշոր եղջերավոր անասունների քանակը` շուրջ 5500 գլխով:
Անշուշտ, փաստն ուրախալի է, թեև մենք, ինչպես վերն ասացինք, վաղուց գիտենք, որ որևէ ապրանքի կամ մթերքի առատությունն ամենևին չի ենթադրում նույն ապրանքի կամ մթերքի վաճառքի գնի նվազում: Օրինակ` նախորդ տարվա համեմատ այս տարվա ծիրանի բերքի ավելի քան քառակի աճն ամենևին չնշանակեց ծիրանի վաճառքի գնի նվազում թեկուզ կրկնակի չափով. նույն բարձր գներն էին` անցյալ տարվա բերքի համեմատ շատ ավելի վատ որակական ցուցանիշների պարագայում: Սակայն խոսքն այստեղ այդ մասին չէ:
Փորձենք ընթերցողի հետ միասին լուծել մեզ մատուցված պարադոքս-խնդիրը, թե ինչպես է հնարավոր, որ աշնան ամիսներին ու ձմեռնամուտին հանրապետությունում տավարի գլխաքանակի աճ ապահովվի, ինչպես ասուլիսում հայտարարել է գյուղնախարար Ս. Կարապետյանը: Ուզածդ, նույնիսկ գյուղի երես երբևէ չտեսած մարդու կարիք չկա հիշեցնելու, որ այդ ամիսները համարվում են անասնագլխաքանակի զանգվածային կրճատման սեզոն. գյուղացիական տնտեսություններն իրենց բազում ֆինանսական խնդիրները, մասնավորապես վարկերի և դրանց տոկոսադրույքների մարումը, լուծում են հենց այդ ամիսներին, ինչի համար մորթվում են հազարավոր գլուխ խոշոր եղջերավոր անասուններ: Էլ չենք խոսում այն մասին, որ յուրաքանչյուր դեկտեմբերի զգալապես կրճատվում է անասնագլխաքանակը` կապված ամանորի հետ:
Ուրեմն գյուղի, գյուղացու հոգսի հետ հեռավոր պատկերացում ունեցող որևէ մեկի համար նույնիսկ պարզ է, որ նշված ժամանակամիջոցում տավարի գլխաքանակի ավելացում կարող է ակնկալել մեկը, ով կամ, ա)` բացարձակապես կապ չունի գյուղատնտեսության հետ, կամ, բ)` դիտավորյալ կերպով խեղաթյուրում է իրականությունը` իր ղեկավարած ոլորտի «բոլոր ուղղություններում», այդ թվում` խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի «ուղղությամբ», աճ ցույց տալու համար:
Այնուամենայնիվ, ի՞նչը կարող էր առիթ դառնալ գյուղնախարարի վերոնշյալ հայտարարության համար, ի՞նչ գործոնների առկայության դեպքում հնարավոր կլիներ անասնագլխաքանակի աճ աշնան ամիսներին: Ի դժբախտություն նախարարի` խոշոր եղջերավոր անասուններն ամենևին սովորություն չունեն իրենց բնական աճն ապահովել, այն է` ծնել աշնանը, հետևաբար այս առումով գյուխնախարարի վստահությունն անհիմն է:
Գուցե մեր նախարարին խաբել է «եղջերավո՞ր» բառը, և նրան թվում է, որ, ասենք, մի քանի ամսական հորթը, քանի դեռ եղջյուրներ չունի, կամ` քանի դեռ դրանք չեն խոշորացել, խոշոր եղջերավոր չէ, ուրեմն երբ եղջյուրներն աճեն, հորթերը միանգամից «կանցնեն» խոշոր եղջերավորների շարքը, և նրանց գլխաքանակը կտրուկ կավելանա՞…
Իսկ գուցե նախարարի հույսը դրսից ներկրվող անասնագլխաքանակի՞ մասին է: Հազիվ թե, քանի որ այս դեպքում նա առիթը բաց չէր թողնի միջազգային մասշտաբների իր գործունեությունը ցույց տալու համար, ինչպես եղավ անցյալ տարի 1200 գլուխ տոհմական երինջների պարագայում (ի դեպ, ի՞նչ եղան դրանք, կարծես լուր չկա): Սակայն եթե նույնիսկ ընդունենք, որ նախարարը հաջողել է դրսից ինչ-որ անասնագլխաքանակ ներկրել, միանգամայն անհավանական է, որ այդ գլխաքանակը, նախ` ծածկի աշնան ու ձմեռնամուտի զանգվածային մորթի պատճառով նվազած ընդհանուր գլխաքանակի պակասորդը և դեռ 5500 գլխով աճ ապահովի:
Անասնագլխաքանակի ավելացման գործում, ավաղ, որևէ գերբնական ուժի հավատալը նույնպես պատեհ չէ, և նախարարին չի կարող օգնել հոգևոր ոլորտների հետ դեռ ձմռանը կնքած «օգնության» պայմանագիրը: Ուստի մնում է միակ հնարավոր բացատրությունը. նախարարը ճիշտ չի ասում: Եթե, այնուամենայնիվ, ճիշտ է ասում, ուրեմն պիտի հուսանք, որ հրապարակային բացատրություն կտա իր հրապարակային հայտարարությանը, թե մինչև տարեվերջ հանրապետությունում տավարի գլխաքանակն ինչպես է ավելանալու 5500-ով:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ