կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-18 12:58
Տնտեսական

ՀԲ-ն 55 միլիոն դոլարով ավելացրել է ՀՀ ֆինանսավորումը

ՀԲ-ն 55 միլիոն դոլարով ավելացրել է ՀՀ ֆինանսավորումը

Հայաստանի Հանրապետության ֆինանսավորման հնարավորությունն ավելացել է 55 միլիոն ԱՄՆ դոլարով, ինչն առաջին հերթին պայմանավորված է մեր վարկային պորտֆելի որակով եւ կառավարման բարձր մակարդակով։ Այսօր կառավարության նիստն այս ծանուցմամբ սկսեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքերով` Համաշխարհային բանկի կողմից կատարողականը գնահատվել է բարձր, և դա հնարավորություն է տվել այն արտոնյալ միջոցները, որ տրամադրվելու են Հայաստանի Հանրապետությանը, ավելացնել 55 միլիոն ԱՄՆ դոլարով։

«Մեր ընթացիկ վերահսկողությունը և որոշ բացթողումների բացահայտումները չպետք է ստվեր գցեն ընդհանուր ծրագրի վրա: Այդ բացահայտումները մեզ հնարավորություն են տվել մշտապես բարձրացնել Համաշխարհային բանկի հետ մեր համագործակցության մակարդակը։ Արդյունքում` մենք ձեզ հետ միասին, ստանալով Համաշխարհային բանկի վերլուծությունը, մասնավորապես` Համաշխարհային բանկի ԾԻԳ-երի աշխատանքի վերաբերյալ, ռազմավարական նոր որոշում ընդունեցինք, որ այդ ԾԻԳ-երն ինտեգրվեն մեր նախարարությունների հետ»,- տեղեկացրեց վարչապետը։

Նշենք, որ Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող այդ միջոցների համար ֆինանսական տարին սկսվում է հուլիսից: Վարչապետը նախարարներին հանձնարարեց մինչև սեպտեմբերի 1-ն ավարտել բանակցությունները Համաշխարհային բանկի հետ և իրեն ներկայացնել հստակ ժամանակացույց այդ միջոցների ծախսման ուղղությունների վերաբերյալ։

«Դա անհրաժեշտ է, քանզի մենք արդեն հստակ պատկերացում ունենք, որ 2012 թ. հուլիսից մենք ունենալու ենք շուրջ 122 մլն ԱՄՆ դոլար, և կարող ենք 2012 թ. հուլիսից այս միջոցներն արդեն իրացնել։ Դա նշանակում է, որ պետք է հստակեցվի ծրագիրը, այն օբյեկտները, որոնք պետք է կառուցվեն»,- նշեց վարչապետը` պարզաբանելով, որ խոսքը ջրի, ոռոգման համակարգի, ճանապարհաշինարարության, առողջապահության, կրթության, գյուղատնտեսության, հարկային, մաքսային և ֆինանսական կառավարման ավտոմատացման ոլորտների մասին է: