կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-18 11:51
Աշխարհ

Օբաման չի կարծում, որ Միացյալ Նահանգներին նոր ճգնաժամ է սպառնում

Օբաման չի կարծում, որ Միացյալ Նահանգներին նոր ճգնաժամ է սպառնում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի կարծում, որ Միացյալ Նահանգներին նոր ճգնաժամ է սպառնում:

«Չեմ կարծում, որ մեզ նոր ճգնաժամ է սպառնում, սակայն մեր առջեւ ծառացած է դրանից բավական արագ ուշքի չգալու սպառնալիքը, որպեսզի լուծենք գործազրկության հարցը եւ օգնենք բոլոր տառապյալներին: Ահա թե ինչու պետք է ավելին անենք»,- CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է նա:

Նախագահը նաեւ կարեորել է ընտրողների վստահությունը չկորցնելը:

«Վստահության հարցը շատ կարեւոր է: Մենք չպիտի թույլ տայինք պետպարտքի վերին սահմանի շուրջ ստեղծված իրադրությունը: Ես կցանկանայի, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակն ավելի լուրջ փոխզիջման գնար, որը հնարավորություն կտար լուծելու բյուջետային դեֆիցիտի խնդիրը երկարաժամկետ հեռանկարում: Մենք դեռ կարող ենք լուծել այդ հիմնախնդիրը, դեռ ուշ չէ: Ես խոսնակի քննարկմանը կներկայացնեմ ծրագիր»,- ասել է Օբաման:

Սպասվում է, որ սեպտեմբերին ԱՄՆ նախագահը հանդես կգա տնտեսության վերաբերյալ ծավալուն ելույթով, որում ներկայացնելու է տնտեսական փոփոխությունների ծրագիրը` ուղղված բյուջետային դեֆիցիտի կրճատմանը եւ պետպարտքի աճի զսպմանը:

Հիշեցնենք, որ վերջերս S&Р գործակալությունը ԱՄՆ-ի վարկային վարկանիշն առավելագույն ААА-ից իջեցրել էր մինչեւ АА+: