Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Անցյալ շաբաթ կառավարության նիստի ժամանակ վարչապետը խիստ տոնով հանձնարարական տվեց` կոնսերվացնել արտեզյան խորքային անօրինական հորերը: Իրականում խնդիրը շատ ավելի բարդ է, քան կարելի էր հասկանալ կառավարության նիստի ժամանակ խնդիրը պարզ ու միատոն ներկայացնելուց:
Արտեզյան հորերը լինում են ջուրը պոմպերով դուրս մղող եւ ինքնաշատրվանող: Առաջինի դեպքում ջրերն ինքնահոսով դուրս չեն գալիս, այլ պոմպերի միջոցով են հանվում, իսկ երկրորդ տեսակի հորերի դեպքում գրունտային շերտը հորատվում է եւ ընդերքային` արտեզյան ջրերը ներքին ճնշման հաշվին ինքնաշատրվանում են` անընդհատ: Հենց այդ հորերն են խնդիրներ առաջացնում, քանի որ ջրառը ոչ մի կերպ չի կառավարվում` ուղղակի անցքի միջոցով, որքան թույլ է տալիս հորատման անցքը, ջուրը բխում է դուրս:
Խնդիրը հետեւյալն է` վերջին, այսինքն` 1984 թվականի տվյալներով` Արարատյան արտեզյան ջրավազանի համար, որը սնվում է Արարատ լեռից, Հայկական պար լեռնաշղթայից, Արագած լեռից, Կոտայքի լեռներից, տարեկան սնուցման պաշարները գնահատված են 1 մլրդ 226 մլն խորանարդ մետր: Այսինքն` դեպի այդ ավազան տարեկան հոսում է այդքան ջուր: Իսկ դա նշանակում է, որ Արարատյան դաշտում նշված պայմաններում շատ խորքային արտեզյան հորեր, հատկապես` շատրվանողներ հորատելու թույլտվություն տալը պարզապես անթույլատրելի է, քանի որ այդ դեպքում արտեզյան ավազանը կորցնում է ինքնավերականգնվելու հնարավորությունը` ավելի շատ ջուր է վերցվում ավազանից, քան այնտեղ լցվում է…
«Արարատյան արտեզյան ավազանը մենք վերականգնման հնարավորությունից զրկել ենք, որովհետեւ 1 միլիարդ 226 միլիոն խորանարդ մետր սնուցման պաշարի դիմաց միայն ձկնային տնտեսություններին տրվել է 1 միլիարդ 493 միլիոն խորանարդ մետր օրինական ջրօգտագործման թույլտվություն: Դրան գումարած` ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ եւս 55 տոկոս հանվում է անօրինական: Այսինքն` արդյունքում ստացվում է, որ մենք 1 միլիարդ 226 միլիոն խմ-ի փոխարեն միայն ձկնային տնտեսությունների համար 2 միլիարդ խորանարդ մետր ջուր ենք օգտագործում տարեկան»,- ներկայացրեց «Հայջրնախագիծ ինստիտուտ»-ի տնօրեն Յուրի Ջավադյանը:
Արդյունքում, նրա ներկայացմամբ` Մեծամոր` նախկին Սեւջուր կոչվող գետի հունի շրջակայքի 303 խորքային շատրվանող հորերից 122-ն իսպառ չորացել են: Նաեւ Այղր լճի ջրատվությունն է 70-75 տոկոսով անկում ապրել: Իսկ եթե ավելի մեծ մասշտաբներով նշենք, այժմ մեր Արարատյան դաշտի արտեզյան ավազանը կրճատվել է` ավազանի նախկին եզրագծից 5 կմ լայնությամբ շերտով:
«Մեր ուսումնասիրությունների շրջանակներում մենք պետք է 62 ձկնային տնտեսություններում ուսումնասիրություններ կատարեինք, համապատասխան հորեր վերցնեինք, որոնց վրա տեղադրեինք համապատասխան ճնշման չափիչներ, որպեսզի կարողանայինք ե’ւ հոսքերը որոշել, ե’ւ ճնշումները: Դա պետք է 1 տարվա ընթացքում անեինք` ամսական 3 անգամ` դինամիկան որոշելու համար: Այդ ստուգման ժամանակ 62 ձկնային տնտեսություններից 24-ն արդեն իսպառ չորացել էին: Այդ տարածքում արդեն կոլեկտորներն էլ են չորացել, այսինքն` դա նշանակում է, որ գրունտային 80 մետրանոց շերտը տակից ջրազրկվել է`ճնշումների բացակայության պատճառով սնուցում չի ստանում: Այդ դեպքում արդեն հողի ստրուկտուրան է փոխվում` անապատային ստրուկտուրա է հողը սկսում ձեռք բերել»,- ներկայացրեց Յուրի Ջավադյանը:
Մյուս կողմից` Արարատյան դաշտում, ըստ ուսումնասիրությունների, ձկնաբուծարանների 85 տոկոսի ավազանների հատակները բետոնապատված չեն: Դրա հետեւանքով այդ ձկնաբուծական տնտեսություններին հարակից 10 հազար հեկտար հողատարածքներում դիտարկվել է գրունտային ջրերի 1 մետր մակարդակ. այդ ջրից ինֆիլտրացիա է գնում դեպի հողերը: Իսկ 12 հազար հեկտարի վրա ջրերի մակարդակը հասել է 0.5 մետրի: Այդ հողերում էլ դիտարկվում է ճահճացում, քանի որ մարդիկ ինչ ցանում են, կեսը եղեգ է աճում… Այս պատկերը նշանակում է, որ Արարատյան դաշտը, որ մեր գյուղատնտեսության, հատկապես` բուսաբուծության ոսկե ֆոնդն է համարվում, եւ որտեղից մենք ավանդաբար ստացել ենք ամբողջ հանրապետության բուսաբուծական արտադրանքի մոտ 75 տոկոսը, այժմ գտնվում է լրջագույն վտանգի տակ…
Ի՞նչ պետք է արվի: Ըստ ծրագրի` նախ ձկնաբուծարանները պետք է անցնեն փակ ու կիսափակ ցիկլի ձկնաբուծության, ինչպես այս տարվա փետրվարի 28-ին նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարարը` հանդես գալով մամուլի ասուլիսով: Նրա խոսքերով` ձկնաբուծության ոլորտի հետ կապված, կան լուրջ խնդիրներ ջրօգտագործման մասով, եւ հարցերը լուծելու համար նախատեսվում է ձկնաբուծական տնտեսությունների անցում փակ ու կիսափակ ցիկլերի ձկնաբուծության:
Փակ եւ կիսափակ ցիկլերով ձկնաբուծարանների համար կիրառվում են հատուկ տեխնիկա-տեխնոլոգիական ու ինժեներական միջոցներ ու նյութեր, որոնք բավականին թանկ են: Հայաստանի համար, իհարկե, ընդունելի կարելի է համարել կիսափակ ցիկլային ռեժիմով աշխատող ձկնաբուծարանների ներդրումը: Թեեւ դա նույնպես որոշակի տեխնիկա-տեխնոլոգիական պահանջներ է ներկայացնում, բայց ոչ այնքան թանկ, ինչպես փակ ցիկլով աշխատող ձկնաբուծարանները: Սակայն այս տարբերակը նույնպես խնդրահարույց է:
Այսինքն` կառավարությունն արդեն որոշել է, որ պետք է բոլոր տնտեսություններն անցնեն փակ ու կիսափակ ցիկլերով ձկնաբուծությանը: Այդ դեպքում պետությունը պետք է որոշակի աջակցություն ցուցաբերի այդ տնտեսություններին տեխնիկա, ինքնարժեքով կեր ձեռք բերելու եւ միջազգային շուկաներ դուրս գալու հարցերում: Իսկ այդպիսի միջոցներ, ինչպես հավաստիացնում էր «Հայ ձկնաբույծների միավորման» նախագահ Կարեն Աթոյանը, մեր երկիրը չունի: Ուստի մանրերը կլուծարվեն, իսկ հարուստները կգոյատեւեն: Դա արդեն ձկնաբուծության ոլորտը եւս մենաշնորհացնելու իրական վտանգներ է ստեղծում:
Հիմա հարցին նայենք մեկ այլ տեսանկյունից: Մամուլում, ինչպես նաեւ Արարատյան դաշտի բնակչության շրջանում շրջանառվել է, թե ովքեր են առանց «հետ ու առաջ» նայելու նոր արտեզյան հորեր հորատում ու ձկնաբուծարաններ հիմնում: Հատկանշական է նաեւ այն, որ այս հարցերը կարգավորելու համար համապատասխան լիազոր մարմինը, ջրի ազգային օրենքի համաձայն, պետք է յուրաքանչյուր տարի մոնիտորինգի միջոցով ճշտի երեք տիպի պաշարների քանակությունը` ջրի ազգային պաշարը, ջրի օգտագործման պաշար եւ ջրի ռազմավարական պաշար: Այս երեք պաշարները եթե ամեն տարի մոնիտորինգով ճշտվեին, նման վիճակ չէր ստեղծվի: Այդ մոնիտորինգի արդյունքները պետք է ուղարկվեին կառավարության հաստատմանը` ջրի ազգային խորհրդի հաստատմանը, որի նախագահը վարչապետն է…
Չենք ուզում հավատալ, որ այստեղ ինչ-որ «անհասկանալի» զորեղ ուժի մատը խառը չէ, քանի որ նախ` թույլատրել են այնքան հորատել, որքան ռեսուրս անգամ չկա, իսկ այդպիսի թույլտվություն հասարակ մահկանացուները չեն կարող ստանալ: Երկրորդ` հորատվել են ձկնաբուծարանների համար, եւ ստեղծվել է այնպիսի վիճակ, երբ առաջացած խնդիրները լուծելու համար մնում է անցնել ձկնաբուծության փակ ու կիսափակ թանկ ցիկլերին: Իսկ նշեցինք, որ իրենց նման տեխնոլոգիաների ներդրում կարող են թույլ տալ այն ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ֆինանսապես հզոր են: Եթե հաշվի առնենք, թե ում անուններն են հոլովվում որպես այդ ձկնաբուծարանների տերեր, ինչպես նաեւ արտեզյան հորերն անխնա ծակողներ, ապա պարզ է, թե ինչ հետաքրքիր ու բազմակոմբինացիոն մտահղացում է իրականացվել ի սկզբանե:
Այդ մտահղացման տրամաբանությունը եղել է` ծակել այնքան հորեր, որ առաջանա «Արարատյան դաշտը փրկելու անհրաժեշտություն», իսկ այդ դեպքում, իհարկե, «փրկության ծրագրի» համար արժե հրաժարվել որոշ, նույնիսկ բոլոր ձկնաբուծարաններից: Բայց ինչո՞ւ հրաժարվել, եթե կարելի է առաջարկել բարձր տեխնոլոգիաներով հագեցած, բայց թանկ ձկնարդյունաբերություն. այդ դեպքում կմնան միայն «զորավորները»…
Գեւորգ ԱՎՉՅԱՆ