Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Ստեփանակերտում համատեղ մամուլի ասուլիս են հրավիրել ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը եւ ՆՈՒՌ ծրագրի ղեկավար Սեբաստիան Արիես Դյուվալը, ովքեր հայտարարել են Արցախում ծրագրի մեկնարկի մասին:
Դեռեւս հունվար ամսին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի եւ արգենտինահայ հայտնի գործարար, American International Airports ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանի միջեւ պայմանագիր կնքվեց, որի շնորհիվ «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամն իր ՆՈՒՌ ծրագրով այսօր Արցախում է:
Ծրագրի շրջանակներում առաջին փուլում XO դյուրակիր համակարգիչներ կստանան Ստեփանակերտ եւ Շուշի քաղաքների 1-4-րդ դասարանի 3150 աշակերտներ եւ 130 ուսուցիչներ:
Ինչպես ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Արցախի ԿԳ նախարար Վլադիկ Խաչատրյանը, Ստեփանակերտի 4 դպրոցներում արդեն ինտերնետ կա, իսկ մյուս դպրոցներն ինտերնետով ապահովվելու են սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին: Նախարարը հույս հայտնեց, որ հաջորդ տարի ծրագրում կընդգրկվեն հանրապետության բոլոր տարրական դասարանների աշակերտները:
ՆՈՒՌ ծրագրի ղեկավար Սեբաստիան Արիես Դյուվալը, մանրամասնելով ծրագիրը, նշեց, որ յուրաքանչյուր աշակերտ կունենա իր համակարգիչը, որը կարող է իր հետ տանել տուն, իսկ 4-րդ դասարանն ավարտելուց հետո այն համակարգիչը կմնա իր մոտ:
«Ի տարբերություն մի քանի երկրների, Արցախում որոշեցինք մինչեւ ամառային արձակուրդները աշակերտներից չհավաքել համակարգիչները, քանի որ նրանք դուրս չեն մնում դպրոցից, եւ բոլորն էլ արձակուրդներից հետո վերադառնում են դպրոց»,- նշեց Դյուվալը: Նրա խոսքերով՝ իրենց նպատակը ոչ միայն համակարգիչ տրամադրելն է, այլեւ համակարգչային գիտելիքների տեղափոխումը դպրոցից ընտանիք:
Ծրագրի ղեկավարը նաեւ հույս հայտնեց, որ շուտով մոտ «3600 ձայն Արցախից կհասնի աշխարհին»՝ այդ համակարգիչների օգտագործողների միջոցով, ինչը կփոխի համացանցում Ղարաբաղի մասին տեղեկությունների ընդհանուր պատկերը: «Եթե հավատալու լինենք համացանցին, ապա Ղարաբաղի կյանքում ոչ մի լավ բան տեղի չի ունենում, բայց իրականում, ինչպես այստեղ գալով ես էլ համոզվեցի, ամեն ինչ այն չէ, ինչ համացանցում է ներկայացված: Հույս ունեմ, որ այս փոքր համակարգիչների միջոցով աշխարհում հասկանալու են, որ այստեղ լավ բաներ էլ են կատարվում»,- կարծիք հայտնեց Դյուվալը:
Մինչ համակարգիչների տեղ հասնելը սեպտեմբերի 5-ից Ստեփանակերտի եւ Շուշիի դպրոցների 160 ուսուցիչներ կանցնեն վերապատրաստման դասընթացներ, որոնք կտեւեն 3 շաբաթ, իսկ դրանից հետո ուսուցիչները կանցնեն նաեւ 6-շաբաթյա վիրտուալ դասընթացներ: