Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր ուղեւորային համալիրի գործարկման ծրագրի իրականացման համար պայմանագիր է կնքվել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ), Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) եւ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի միջեւ:
Ծրագրի բյուջեն 173 մլն դոլար է:
Հայաստանում ԱԶԲ մոնիտորինգի ՀԿ-ների աշխատանքային խմբի անդամ Հասմիկ Ասլանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ ծրագրի համաձայն` պետք է իրականացվեր նաեւ օդանավակայանի տարածքում գտնվող 4 բնակելի շենքերի բնակիչների վերաբնակեցում, ինչի վրա ծախսվելու է 13 մլն դոլար:
«Վերաբնակեցման ծրագիրն արդեն պետք էր սկսված լիներ, նոր կառուցվող շենքերի շինարարությունն էլ. շենքերը շահագործման պետք է հանձնվեին այս տարեվերջին: Տարածք է հատկացվել Բաբաջանյան փողոցում, սակայն մինչ օրս դեռ հիմքը չի փորվել»,- ասաց բանախոսը` նշելով, որ այս ծրագիրը վերահսկում է «Շողեր» միությունը:
Միությունը դիմել է տարածքային կառավարման նախարարին եւ քաղավիացիայի գլխավոր վարչություն, որոնցից ստացված պատասխանի համաձայն` նոր շենքերի նախագիծը լրամշակվում է, իսկ շինարարությունը կավարտվի միայն 2013 թ. հոկտեմբերին:
«Շողեր» միությանը ներկայացուցիչ Հասմիկ Ասլանյանը «Երկիր»-ին հայտնեց, որ վերահիշյալ 4 շենքերի 506 բնակիչները, կարելի է ասել, հայտնվել են օդանավակայանի նոր ուղեւորային համալիրի շինհրապարակներում եւ ստիպված են փոշի շնչել ու արհեստական երկրաշարժերից ցնցվել:
Օրվա ավարտին «Երկիր»-ին հայտնի դարձավ, որ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ներայումս զբաղվում է շենքերի կառուցման համար հողամասի գնմամբ, որի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելուց հետո հնարավոր կլինի, կառավարության որոշման համաձայն, սկսել բազմաբնակարան շենքերի շինարարության համար փաստաթղթերի` օրենքով սահմանված կարգով հաստատումը:
Ընկերությունից տեղեկացանք, որ, ըստ ժամանակացույցի, փաստաթղթերի ձեւակերպումը նախատեսվում է ավարտել 2011 թվականի հուլիս ամսին, հիմքի փորման աշխատանքները կմեկնարկեն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, իսկ շենքերի շինարարությունը կավարտվի 2013 թվականի հոկտեմբերին: