կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-25 11:02
Քաղաքական

Ամենաչեզոք վայրը գտնվեց

Ամենաչեզոք վայրը գտնվեց

Հայոց աշխարհն արդեն տեղեկացված է ՀԱԿ-իշխանություն հաջորդ հանդիպման օրվա եւ, որ ամենակարևորն է, վայրի մասին` հուլիսի 26-ին` ժամը 12.00-ին Կառավարության ընդունելությունների տանը տեղի կունենա Կոալիցիա-ՀԱԿ երկխոսության աշխատանքային խմբերի հանդիպումը: Ինչպես տեսնում ենք, ՀՀ իշխանությունները կատարեցին ՀԱԿ վերջին օրերի պահանջներից ամենագլխավորը եւս` ընտրեցին ամենաչեզոք վայրը` ՀՀ կառավարության ընդունելությունների տունը:

Որ ՀՀ կառավարությունն ժողովրդի համար ամենաչեզոք, ոչ մի բանով աչքի չընկնող տեղն է Հայաստանում, գիտեինք մինչև այս էլ, բայց որ այն կարող է նաև չեզոք վայր համարվել իշխանության եւ ՀԱԿ-ի համար, արդեն վերջն է: Տիգրան Սարգսյանին պետք է շտապ տեղյակ պահել այս մասին, իսկ եթե նա տեղեկացված է եւ ընդունում է, որ ՀՀ կառավարությունը Հանրային խորհրդից ավելի չեզոք է, դա արդեն սարսափելի է:

Կա այս հարցին մեկ այլ մոտեցում եւս: Վերլուծաբանները շտապել են եզրակացնել, որ չգիտես որտեղից խիստ արագացվել է ՀԱԿ-ին ընտելացնելու գործընթացը, եւ այն այսուհետ կշարունակվի Սերժ Սարգսյանի նախագծած սցենարով` ՀՀ կառավարություն, ՀՀ Ազգային ժողով, եւ վերջակետը կդրվի ՀՀ նախագահի նստավայրում:

ՀԱԿ ակտիվիստ եւ այդ կառույցի պատվիրակության նշանավոր դեմքերից մեկը` Դավիթ Շահնազարյանը, երեկ հայկական կայքերից մեկին տված իր հարցազրույցում չի ժխտել, որ իշխանության ձևավորած աշխատանքային խումբը ՀԱԿ-ի սրտով է: Նա բերանից թռցրել է նաև, որ մեզ թեժ քաղաքական ամառ է սպասում: Ինչպես տեսնում ենք, իրականանալ կարող են նույնիսկ Դավիթ Շահնազարյանի խոսքերը, որոնց վրա, սովորաբար, ոչ ոք ուշադրություն չէր դարձնում:

ՀՀ կառավարության ընդունելությունների (իսկ գուցե հանդիսությունների՞) տան ողջ պերսոնալը ոտքի է հանվել: Ասում են սա մի ուրիշ տեսակ հանդիպում է լինելու` ի հեճուկս ՀԱԿ-ին ու իշխանություններին նախանձողների: Հանդիպումից հետո աշխատանքային խմբերի ներկայացուցիչները նույնիսկ պատասխանելու են լրագրողների հարցերին:

Էդ.Ա.