կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-22 14:38
Քաղաքական

Դեմկուսում ՀԱԿ-ին չեն սիրում

Դեմկուսում ՀԱԿ-ին չեն սիրում

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կոալիցիա-կոնգրես երկխոսությունը զավեշտ է համարում, եւ այն գործողությունները, որոնք իրականացվում են թե' այս, թե' այն կողմից, նրա համար նման են թատերական ներկայացման:

«Մի կողմը բացահայտ կորցրեց իր ամբողջ ազդեցությունը ժողովրդական մասսաների վրա, եւ վերջին հանրահավաքները դա էին հաստատում, մյուս կողմն էլ օգտվեց այդ առիթից եւ դա օգտագործեց իր շահերի համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արամ Սարգսյանը` նշելով, որ իշխանությանը հիմա ձեռնտու է նման ռադիկալ ընդդիմություն ունենալ Հայաստանում, ձեռնտու է նաեւ այս իրավիճակը` երկխոսության կազմակերպումը կամ գյալաջի անելը:

Սակայն այն, ինչ հիմա ներկայացնում են ՀԱԿ-ի անդամները, Դեմկուսի ղեկավարի մոտ դեժավյու է առաջացնում. «Խոսում են այն մարդիկ, ովքեր իրենց իշխանության ժամանակ հանցանքներ են կատարել. 95-96-ին, երբ նրանք էին նստած իշխանության աթոռներին եւ մեր դեմ էին հանում այն, ինչ հիմա իրենց դեմ են հանում, հիմա նստել են եւ սրբի նման խոսում են արդարության մասին: Օրինականության մասին հանկարծ խոսում է Դավիթ Շահնազարյանը, որը կառույցի ղեկավարն էր, եւ որը, մեղմ ասած, ճնշում էր քաղաքական ուժերին: Հիմա ես ո՞նց լուրջ վերաբերվեմ նրանց եւ նրանց ասածներին: Այն իշխանությունը, որը կեղծեց 95-96թթ. ընտրությունները, այսօր արդարության ջատագովն է դարձել եւ պահանջում է արդար ընտրություններ անցկացնել: Հարց է ծագում. բա դուք ի՞նչ էիք անում այն ժամանակ: Այսօր հո չե՞ն մաքրվել իրենց կատարած այն բոլոր խարդավանքներից եւ գործողություններից»:

Արամ Սարգսյանի կարծիքով` մինչեւ Հայաստանում չձեւավորվի գաղափարական բանավեճի դաշտ, չձեւավորվի այնպիսի մթնոլորտ, երբ ժողովրդին հնարավորություն կտան ընտրելու համակարգերի, այլ ոչ թե այս կամ այն անձի կամ նրա կարողությունների միջեւ, երկիրը կմնա այս իրավիճակում: Իսկ հիմա արհեստական մի իրավիճակ է ձեւավորվել, երբ հասարակության ուշադրությունը բեւեռվել է մի իրադարձության վրա, որը կոչվում է երկխոսություն:

Դեմկուսի ղեկավարը հիշեցրեց, որ հանրապետության նախագահը, կարեւորագույն հարցերի հետ կապված, երեք անգամ կուսակցությունների ղեկավարներին հրավիրել է խորհրդակցության, եւ երեք անգամն էլ ՀԱԿ-ը մերժել է հրավերը: «Հիմա ինչո՞ւ հանկարծ այդպիսի մեծ ցանկություն առաջացավ նորից նրանց հետ նստել երկխոսելու, ինչո՞ւ, հանկարծ, նախագահի մոտ էլ առաջացավ այդ ցանկությունը նոր ձեւաչափ ստեղծել այս կառույցի հետ հարաբերվելու: Կա՞ այստեղ, արդյոք, լուրջ տրամաբանություն. ինձ համար չկա»,- եզրակացրեց կուսակցապետը:

Ըստ նրա` Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդամենը մեկ խնդիր ուներ` վերակենդանացնել իր քաղաքական իմիջը, քանի որ նա գտնվում էր ամենախորը ատելության մթնոլորտում եւ առիթ էր պետք, որպեսզի կարողանար այդ վիճակից դուրս գալ: Այդ հարցում, ըստ Ա. Սարգսյանի, նրան օգնեց Ռոբերտ Քոչարյանը, եւ հիմա ունենք այն, ինչ ունենք:

Վերջում Արամ Սարգսյանը հավաստիացրեց, որ երկխոսության նկատմամբ այս հետաքրքրությունը շատ արագ կավարտվի, եւ սեպտեմբերին մենք արդեն կմոռանանք, որ դա է գլխավոր իրադարձությունը: Հետո կգա հոկտեմբերը, նոյեմբերը, եւ բոլորը կնախապատրաստվեն հերթական ընտրություններին:

Ի դեպ, դեմկուսը եւս մասնակցելու է դրանց. մինչեւ դեկտեմբեր կորոշեն մասնակցության ծրագիրն ու ձեւաչափը: