կարևոր
1522 դիտում, 5 ժամ առաջ - 2025-07-03 10:52
Հասարակություն

Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի ապամոնտաժման ծրագրի կուլիսային նախապատրաստումը՝ հստակ քաղաքական վտանգ է․ պատգամավոր

Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի ապամոնտաժման ծրագրի կուլիսային նախապատրաստումը՝ հստակ քաղաքական վտանգ է․ պատգամավոր

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է․

«Արթիկի հրապարակում տեղադրված 1941-1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի ապամոնտաժման ծրագրի կուլիսային նախապատրաստումը՝ հստակ քաղաքական վտանգ է մեր պատմական հիշողության համար։

Այս հուշարձանը մեր պատմության, հաղթանակի և անձնազոհության խորհրդանիշն է։

Մենք հստակ ասում ենք՝ ոչ մի տեղական ՔՊ-ական չինովնիկ իրավունք չունի որոշել մեր պատմական ժառանգության ճակատագիրը՝ առանց մասնագիտական եզրակացության, հանրային քննարկման և օրենքով սահմանված ընթացակարգերի։

Այդ հուշարձանի հանդեպ որևէ միակողմանի գործողություն՝ անգամ «վերանորոգման» անվան տակ մերժելի է, վտանգավոր նախադեպ է և քաղաքական սադրանք։

Պահանջում եմ`

- ՀՀ կառավարությունից և ԿԳՄՍ նախարարությունից՝ պաշտոնական հայտարարություն, որ հուշարձանի ապամոնտաժման կամ տեղաշարժման վերաբերյալ որևէ գործողություն չի թույլատրվի։

- Արթիկ համայնքի ղեկավարությունից՝ մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն հերքել հուշարձանի ապամոնտաժման ծրագրերը։ Հակառակ դեպքում՝ այն կդիտարկվի որպես համաձայնություն:

- «Քաղաքացիական Պայմանագիր » կուսակցությունից՝ հստակ պարզաբանում՝ արդյոք սա կուսակցության դիրքորոշումն է, թե տեղական չինովնիկների ինքնագործունեություն։

- Մասնագիտական եզրակացություն՝ հուշարձանի տեխնիկական վիճակի մասին:

Այս հուշարձանը միայն քար ու բետոն չէ։

Սա հիշողություն է՝ հերոսների, կորուստների, հաղթանակի։

Սա քաղաքային մշակույթի, պատմության և ազգային հպարտության մաս է։

Հ.Գ. Յուրաքանչյուր պատասխանատու ՔՊ-ական պաշտոնյա (լինի համայնքապետ, մարզպետ թե նախարար), ով ներգրավված կլինի այս գործընթացում, պետք է պատրաստ լինի կրել քաղաքական և իրավական պատասխանատվություն»։