կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-19 10:21
Առանց Կատեգորիա

Գործազուրկների բանակը համալրվում է

Գործազուրկների բանակը համալրվում է

Նախագահ Սերժ Սարգսյանի` 2010թ. դեկտեմբերի հրամանագրերից մեկով գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժության եւ բուսասանիտարիայի պետական տեսչություններից վերակազմակերպման ճանապարհով ստեղծվեց սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

Մինչ ապրիլի 8-ը ծառայությունը ղեկավարել են երկու ժամանակավոր պաշտոնակատարներ. նշված ժամանակ ծառայության ղեկավար նշանակվեց Գրիգոր Գրիգորյանը: Թեեւ վերջինս պաշտոնավարեց ընդամենը երեք ամիս, սակայն այդ ընթացքում հասցրեց դժգոհողների մեծ բանակ հավաքել: Օրերս խմբագրություն էին այցելել նշված տեսչությունների մի խումբ աշխատակիցներ, ովքեր Գրիգոր Գրիգորյանի թեթեւ ձեռքով զրկվել են աշխատանքից և այսօր փորձում են հացը վաստակելու այլ ուղիներ գտնել:

«Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական տեսչության աշխատողներին ապրիլի 30-ին հայտարարելով, որ պետք է քաղծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվ գնան, տվեցին ստորագրելու դիմումներ` ապրիլի 18-ի ամսաթվով: Իմանալով, որ հնարավոր է ռեզերվից նորից մրցույթներ լինեն, բոլորս ստորագրեցինք: Հետո պարզվեց, որ տեսչության աշխատողների մի մասին պահել են ինչ-որ պաշտոնների, մյուս մասին՝ առանց որեւէ բացատրության ուղարկել ռեզերվ»,- մեզ պատմեցին տեսչություններից հեռացված աշխատողները, որոնց թիվը անցնում է 80-ից:

Նույն ապրիլի 30-ին` շաբաթ օրով, երեկոյան ժամը 22:00-ին կանչում են աշխատողներին, պահանջում սենյակների, ամրակցված մեքենաների բանալիներն ու գույքը: Սկսվում է խառնաշփոթ իրավիճակ, որը շարունակվում է մինչ օրս: Օրենքի համաձայն` քաղաքացիական ծառայողների պաշտոնների անվանացանկը հաստատվելուց հետո 15-օրյա ժամկետում պետք է կատարվեն արտամրցութային նշանակումներ, իսկ դրանից հետո արդեն պաշտոններին չհամապատասխանողներին ուղարկեն ռեզերվ: Նշված 15-օրյա ժամկետը ձգվում է երեք ամիս, որի ընթացքում թե՛ տեսչության` դեռեւս չհեռացված աշխատողները, թե՛ ռեզերվ գնալու «թեկնածուները» հայտնվում են անորոշ կարգավիճակում:

Հունիսի 8-ին, արդեն օրենքի խախտումներով, կատարվում են որոշ արտամրցութային նշանակումներ: Փաստորեն, քանի որ գյուղնախարարության երկու տեսչությունները ոչ թե լուծարվել, այլ վերամիավորվել էին, դա ենթադրում է, որ պետք է նախկին տեսչությունների աշխատողներն աշխատանքի անցնեին սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունում` որպես իրավահաջորդ:

Չկա որեւէ հոդաբաշխ հիմնավորում, թե ինչու են մարդիկ հեռացվել աշխատանքից: Ծառայության նորանշանակ պետը մի հարցազրույցի ժամանակ ասում է, թե աշխատանքից ազատումը հատուկ ծրագրված միջոցառում է` թալանչիներից ազատվելու նպատակով: Այս խոսքերը հեռացված աշխատողները համարում են զրպարտություն եւ պատրաստվում դիմել դատարան` անապացույց մեղադրանքների համար:

Աշխատանքից ազատված քաղծառայողները բաց նամակով դիմում են նախագահին, կառավարությանը, Ազգային ժողովին, Մարդու իրավունքների պաշտպանին, նախարարությանը, աշխատանքի պետական տեսչություն, Ազգային անվտանգության խորհուրդ եւ հանդիպում քար անտարբերության: Նախկին աշխատակիցները հատուկ շեշտում են, որ կադրերի կրճատում չի եղել, նախկին երկու տեսչությունների բոլոր 194 հաստիքներն էլ պահպանվել են:

«Եթե նույնիսկ չպահպանվեր, միեւնույն է, մենք` որպես քաղծառայողներ, ունենք նոր ծառայությունում աշխատելու առաջնահերթ իրավունք: Կամ էլ պետք է որևէ մեկը չնշանակվեր, մրցույթ անեին եւ մարդիկ հաղթեին: Բայց կատարվել են արտամրցութային նշանակումներ: Բազմաթիվ անգամ խախտվել է աշխատանքային օրենսդրությունը»,- պնդում էին մեզ դիմած քաղաքացիները:

Եվ այս ամբողջ ընթացքում ծառայությունում աշխատել են կարգավիճակ չունեցող բազմաթիվ մարդիկ, իրականացրել ստուգումներ, տուգանել տնտեսվարողներին: «Այդ մարդիկ ո՞նց են գնացել ստուգման, եթե վկայական չունեն, որ կհավաստի ծառայությունում աշխատելը»,- զարմացած հարցնում էին այլեւս գործազուրկ մասնագետները:

Տարբեր ատյանների դիմելուց եւ պատասխան չստանալուց հետո նախկին տեսչությունների աշխատակիցները կոլեկտիվ բողոքով դիմում են ՀՀ վարչական դատարան` սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշումները անվավեր ճանաչելու, մարդկանց կրած վնասների հատուցման պահանջով: Սակայն որեւէ հույս չունեն, թե դատարանը կբավարարի հայցը` «Ո՞վ ծանոթ չէ Հայաստանի դատական համակարգին» մեկնաբանությամբ: Ուստի, դատարան դիմելը համարում են անիմաստ քաշքշուկ եւ ժամանակի կորուստ:

Վարչապետի որոշմամբ` Գրիգոր Գրիգորյանին սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնում փոխարինեց ԿԸՀ նախկին փոխնախագահ Աբրամ Բախչագուլյանը: Որեւէ հարց ուղղել Գրիգոր Գրիգորյանին, այլեւս անիմաստ է: Սակայն կան բազում հարցեր, որոնց արդեն պարտավոր են պատասխանել կառավարությունը, աշխատանքի տեսչությունը, քաղծառայության խորհուրդը, գյուղնախարարությունը եւ, վերջապես, ծառայության նորանշանակ պետը:

Սուրեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ