|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հարավային Սուդանն այսօր կայանալիք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումից հետո, ամենայն հավանականությամբ, կդառնա ՄԱԿ-ի 193-րդ անդամ պետությունը` միեւնույն ժամանակ համալրելով աֆրիկյան 53 պետությունների շարքը: Նախորդ շաբաթավերջին` հուլիսի 9-ին Հարավային Սուդանի անկախության հռչակումն արդեն նաեւ իրավական համատեքստում աշխարհի բազմաթիվ երկրների նախագահների շնորհավորական ուղերձների հիմնական հասցեատերն էր:
Սակայն մինչ աշխարհը կսկսեր Հարավային Սուդանի Հանրապետության ճանաչման գործընթացը, առաջինն այդ քայլն արեց Սուդանը` ընդունելով այս տարվա հունվարի սկզբին գրեթե միաձայն արդյունք ունեցած հանրաքվեի արդյունքները, որոնցով Սուդանը բաժանվեց երկու մասի` սկիզբ դնելով Հարավային Սուդանի` որպես պետության գոյությանը: Այդպիսով, վերջ տրվեց տասնամյակներ Սուդանի հյուսիսի հետ հարավի մղած պայքարին:
Նույն օրը, ի թիվս այլ երկրների, Հարավային Սուդանի անկախությունը ճանաչեց նաեւ Հայաստանը: Ըստ ԱԳՆ հաղորդագրության` «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հարավային Սուդանի Հանրապետությունը` որպես անկախ պետություն: Հարավային Սուդանում անկախ պետականության հռչակումը ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման անքակտելի իրավունքի իրականացում է եւ հակամարտությունների քաղաքակիրթ հանգուցալուծման եւս մեկ օրինակ»:
Ընդ որում` Հայաստանը Սուդանը ճանաչած պետությունների առաջին 20-յակում էր: