կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-09 13:13
Իրավական

Արզաքանցյանը չի հանդարտվում

Արզաքանցյանը չի հանդարտվում

ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը հիմա էլ դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան` խնդրելով ամբողջությամբ բեկանել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/0261/02/11 քաղաքացիական գործով 2011թ. հունիսի 8-ին կայացրած վճիռը եւ փոփոխել այն:

Հայցվորը խնդրել է «Երկիր» խմբագրություն» ՍՊԸ-ից բռնագանձել 3 միլիոն դրամ` որպես վիրավորանքի եւ զրպարտության հետեւանքով իր պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում, ինչպես նաեւ բռնագանձել 500 000 դրամ` որպես փաստաբանական ծառայության վճար:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, գործարար, հանրապետական Տիգրան Արզաքանցյանի հայցն ընդդեմ «Երկիր»-ի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր մասնակիորեն: Համաձայն վճռի` «Երկիր» օրաթերթը պետք է պատգամավորին վճարի 280 հազար դրամ, որից 200 հազարը Տ. Արզաքանցյանի մասին Հրանտ Բագրատյանի «լակոտ» արտահայտությունը տպագրելու (որն, ի դեպ, ժամանակին հերքվել էր օրաթերթի կողմից` Բագրատյանի տված տեղեկանքի ներկայացմամբ, թե ինքը Արզաքանցյանին լակոտ չի ասել), իսկ 80 հազարը` դատական ծախսերը փոխհատուցելու համար:

ԱԺ հանրապետական պատգամավորն  իր պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար «Երկիր» օրաթերթից պահանջում էր 3 մլն դրամ, 568 հազար դրամ էլ` դատական և փաստաբանական ծախսերի համար: Պատգամավորին  հատկապես դուր չէր եկել այն, որ «Երկիր»-ն իր «131 դեմք ու դիմակ» խորագրի տակ գրել էր, թե Արզաքանցյանը ստիլյագ է, սիրում է հաճախել կազինոներ, ծեծ ուտելու սովորություն ունի, գեղեցկուհիներ է տանում-բերում Հայաստան, տիրապետում է տարբեր լեզուների, բայց առավել հասկանալի խոսում է հայրենի քյավառա բարբառով:

Նշենք, որ «Երկիր» օրաթերթը եւս դիմել է վերաքննիչ դատարան` բողոքարկելով առաջին ատյանի դատարանի վճիռը:

Դատական նիստի օրվա մասին կտեղեկացնենք առաջիկայում: