կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-02 04:35
Իրավական

Ի՞նչն է փորձում հերքել Արզաքանցյանը

Ի՞նչն է փորձում հերքել Արզաքանցյանը

ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը ամեն ինչ հերքելու սովորություն ունի: Դրա համար էլ նրա հոբբիների մեջ ավելացել է եւս մեկը` լրատվամիջոցներին դատի տալը: Դա արդեն նմանվում է կազինո գնալուն:

NEWS.am-ին տված հարցազրույցում նա հերքել է, որ ինքը Փարիզում վիլլա ունի: Ինչո՞ւ է հերքում, ինչո՞ւ է «հրաժարվում» իր ունեցվածքից` իսկապես անհասկանալի է:

«Մարդն իր քրտինքով ստեղծել է»,- այսպես է գրում է նրա երկրպագուներից մեկը «Հետքի» մեկնաբանությունների դաշտում:

Իսկ մեկ այլ երկրպագու` Գագիկ Հայրապետյանը, նույնիսկ սպառնում է. «Ինչ գործ ունեք մեր քյավառցուց, դուք ճանաչո՞ւմ եք, թե ինքը ինչ թագավոր մարդ ա, որ տենց բան եք գրում: Դուք ճիճու եք նրա համար, դե կարաք կանգնեք դիմացը խոսացեք: Թե՞ պարապ եք մնացել, այսինքն` նախանձությունը խոսում է ձեր մեջ, կամպյուտուրի դեմները դուխներդ 1000 է: Ինքն ա սխալ, որ շատ բարի մարդ ա ու ձեզ չի պատժում, բոլորիտ շատ վատ ձեւերով, ոնց որ բոլորն են անում, դրա համար էլ շատ չեն գրում ուրիշների մասին ու վախում են խոսան: Բայց համոզված եմ, որ իրա ազգի մեջ կգտնվեն շատ մարդիկ, որ սաղիտ պատժելու են»:

Թե ինչու է Տիգրան Արզաքանցյանը փորձում «հրաժարվել քրտինքով ձեռք բերածից»` անհասկանալի է: Չգիտենք` վիլլան ում անունով է դարձրել Տիգրան Արզաքանցյանը, սակայն ֆրանսիական ձեռնարկությունների այս կայքում այդ տեղեկությունները պահպանվում են. վիլլայի սեփականատերը «Almaz» ընկերությունն է, որը գրանցված է Տ. Արզաքանցյանի անունով:

Արզաքանցյանը Հայաստանում մոտ տասնհինգ հանքավայրերի սեփականատեր է, եւ չի բացառվում, որ վաղը նրա անունը դրանց սեփականատերերի ցանկում չլինի: Պատգամավորին խորհուրդ ենք տալիս հետքերը վերացնելու փոխարեն արժանապատվորեն ասել` այո, դա իմ ունեցվածքն է:


Վիլլայի հասցեում է գրանցված նաեւ Վարդանուշ Արզաքանցյանը` Տիգրան Արզաքանցյանի կինը, տեղեկատուի մեջ նշված է նաեւ կնոջ հեռախոսահամարը: Հնարավոր է` Ֆրանսիայի իր գույքը պատգամավորը գրանցել է կնոջ անունով, դրա համար է հանգիստ ասում` Տիգրան Արզաքանցյանինը չէ:

Էդիկ Բաղդասարյան
Սեդա Գրիգորյան

«ՀԵՏՔ»