Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունիսի 1-16-ը Ռուսաստանի Պերմ քաղաքում անցկացված «Սպիտակ գիշերներ» արվեստների փառատոնին Հայաստանն այս տարի ներկայացրել է «Հայֆեստ»-ը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնին մասնակցել են ԱՊՀ երկրների եւ արտերկրի արվեստագետները, իրականացվել է շուրջ 340 միջոցառում:
Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանի խոսքերով` Պերմը փառատոնային օրերին դարձել էր ինովացիոն կենտրոն եւ մշակութային քաղաքականության հրաբուխ:
Հայաստանին «Սպիտակ գիշերներ Պերմում» փառատոնի շրջանակներում հնարավորություն է ընձեռվել բացելու «Մեծ Կովկասի օրերը Պերմում» նախագիծը, որին մասնակցել են Ինգուշեթիան, Դաղստանը, Ադրբեջանը, Իրանը եւ Հյուսիսային Օսիան:
«Փառատոնում լավագույնը Հայաստանն էր, իսկ Պերմը պետք է տեսնել մոտիկից: Այդչափ ժամանակակակից մտածող մարդիկ հազվադեպ են հանդիպում: Ժողովուրդը բաց է ամեն ինչն ընդունելու համար, հասարակությունն առողջ է և մեծ ապագա ունի»,- ասաց Ա. Ղուկասյանը:
Նրա խոսքով`փառատոնին Հայաստանը ներկայացավ որպես ժամանակակից երկիր, կոտրեց փառատոներին ներկայանալու կարծրատիպերը:
Մեր երկիրը փառատոնին հանդես է եկել կինոծրագրով, որի շրջանակում ցուցադրվել են «Խճճված զուգահեռներ», «Վերջին լարախաղացը», «Բաց երկնքի տակ», «Աշնան արեւ» ֆիլմերը: Թատերական ծրագրում հանդես է եկել Երեւանի Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը` իր «ԱԿ-ԱԿ» ներկայացումով, «Միհր»-ը` «Գույներ» եւ «Սեւ ամրոց» ներկայացումներով:
Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանին ապշեցրել էր Պերմի բնակիչների վերաբերմունքը ժամանակակից արվեստի նկատմամբ:
«Մեր ներկայացրած ծրագիրը չափազանց լավ անցավ. կար ժամանակակից արվեստ, բացառիկ օրինակներ, որը շատ կարեւոր է»,- ասաց նա:
Հայաստանի երաժշտարվեստը ներկայացրել է Art voices ջազային սեքստետը:
Արթուր Ղուկասյանը ներկայացրեց փառատոնի խորհրդանիշ կարմիր անգլուխ մարդու արձանիկը, որը, նրա խոսքով, տեղադրված էր նույնիսկ Պերմի քաղաքապետարանի տանիքին: Իսկ Հայաստան բերված արձանիկը կփոխանցվի մշակույթի նախարարությանը:
Նշենք, որ Պերմի մշակույթի նախարար Նիկոլայ Նովիչկովը նամակ է հղել Հասմիկ Պողոսյանին` շնորհակալություն հայտնելով նմանատիպ հետաքրքիր ծրագիր ներկայացնելու համար: