կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-30 17:35
Մշակույթ

Հայաստանը մասնակցել է Ջենովայի պոեզիայի միջազգային հոբելյանական փառատոնին

Հայաստանը մասնակցել է Ջենովայի պոեզիայի միջազգային հոբելյանական փառատոնին

Հերթական անգամ Իտալիայի Ջենովա քաղաքում անցկացվել է պոեզիայի միջազգային 20-րդ փառատոնը, որին պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցել է հայկական պատվիրակությունը:

 

Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել «Գրական տապան» պոեզիայի միջազգային փառատոնի համակարգող, «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը, թառահար Միքայել Ոսկանյանը, բլուլահար Ռաֆայել Ավագյանը, բանաստեղծներ Էդուարդ Հարենցը, Արուսյակ Օհանյանը, Արմենուհի Սիսյանը, Հերմինե Նավասարդյանը, Նշան Աբասյանը։ Հայ գրողներից բացի, հայկական պատվիրակության կողմից ներկայացվել են նաև բանաստեղծներ Վիկա Չեմբարցևան և Վադիմ Մեսյացը: Փառատոնի օրերին պոեզիայի հայերեն ընթերցումները զուգորդվել են հայ երաժիշտների նվագակցությամբ։

 

Հայաստանը ներկայացնող խմբին է վստահվել փառատոնի փակման արարողության գեղարվեստական մասը, որն արժանացել է օտարազգի գրողների և Ջենովայի արվեստասեր հասարակայնության ջերմ ընդունելությանը: Հայ երաժիշտները ելույթ են ունեցել իտալացի երաժիշտներ Ֆաբիո Վերնիցցիի, Էդմոնդո Ռոմանոյի և Ռիկարդո Բարբերայի հետ՝ ներկայանալով փորձարարական ինտերակտիվ արվեստի ժանրում:

 

Ջենովայի պոեզիայի միջազգային փառատոնի հիմնադիրն է արձակագիր, բանաստեղծ, հրապարակախոս Կլաուդիո Պոցցանին, ով բազմիցս մասնակցել է հայկական «Գրական տապան» պոեզիայի միջազգային փառատոնին: Ջենովայի պոեզիայի միջազգային 20-րդ փառատոնին մասնակցել են շուրջ 60 բանաստեղծներ, երաժիշտներ և արտիստներ՝ աշխարհի տարբեր երկրներից: