կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-01 15:24
Քաղաքական

Կարապետիչն "ինչ-որ փայերի տեր դառնալ" չի ուզում

Կարապետիչն "ինչ-որ փայերի տեր դառնալ" չի ուզում

Անթույլատրելի է բանակցել մի ուժի հետ, որին դու համարում ես «ավազակապետություն». անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն երկխոսության թեմային` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:

Նա նշել է, որ սովորաբար բանակցում են ինչ-որ բան կիսելու, ինչ-որ բանի շուրջ պայմանավորվելու համար: «Բանակցությունները գալիս են չարից: Ունե՞ս սկզբունքներ, դիրքորոշում, ուրեմն եղի'ր սկզբունքային մինչեւ կյանքիդ վերջը: Էն մարդիկ, ովքեր սկզբունքային էին, մահանում էին ու հանուն հայրենիքի գնում էին մինչեւ վերջ, իրենք բանակցելու ձեւ չգիտեի՞ն»,- հայտարարեց ԺԿ նախագահը:

Խոսելով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին` նա նկատեց. «Ասում է, որ սեպտեմբերին կպահանջեն նախագահի հրաժարականը... Նո՞ր են պահանջում։ Բա վերջին տարիներին ի՞նչ էին անում»:

Իսկ երբ խոսք գնաց հանրահավաքներից, Տ. Կարապետյանը վրդովված նշեց, որ եթե ուրիշները ձգտում են, որ իրենց հավաքները մարդաշատ լինեն, ապա ինքը նման ձգտում չունի:

«Տեսե՞լ եք մի հավաք, ուր մարդիկ ինքնակամ են գալիս: Մեկ դահլիճ լցնելը հեշտ է, մեկի հետ կպայմանավորվես ու կլցնես: Բայց մենք ուզում ենք, որ այս ամենը լինի մաքուր ձևով: Վերցնենք ՀԱԿ-ին. գիտենք, որ ավտոբուս են վարձում, մարդիկ բերում, փող են ծախսում: Բայց մենք այդպես չենք անում: Եթե ժողովուրդը ինքը չհասկանա, ոչինչ չի լինի: Մի տեղ հավաքվում, ասում են` «Լևոն, Լևոն, նախագահ», մի տեղ էլ` «Սերժ, Սերժ, նախագահ»: Սա երկու թևերի պայքար է: Ժողովուրդը պետք է հասկանա, որ ինքը պետք է նախաձեռնի այդ ամենը: Եթե մենք բերենք մարդկանց, չենք տարբերվի էն «Սյունյաց արծիվներից»:

Ապա, անդրադառնալով «Ազգային ճակատի» գործունեությանը, Կարապետյանն ասաց, որ իրենք ձգտում ենք արթնացնել ժողովրդին, «ոչ թե ինչ-որ փայերի տեր դառնալ»: