Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաստ է, որ պետությունը 100 տոկոսով զրկվել է իր ընդերքի հարստությունները շահագործելու իրավունքից, այդ իրավունքից օգտվում են անհատները, որոնց կառավարությունը վաճառել է բոլոր գործող հանքավայրերը. համարում է Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:
Ըստ նրա` թեեւ հանքարդյունաբերությունը դարձել է ընկերությունների եւ անհատների մենաշնորհը, սակայն թափոնների կառավարման հարցում նախկին կարգը չի փոխվել. «Թափոնների երկարաժամկետ կառավարման խնդիրը ինչպես կա ներկայիս գործող ՀՀ «Ընդերքի մասին» օրենքում, այդպես էլ մնացել է»:
Հարց է առաջանում` պետությունն ինչպե՞ս կարող է իրականացնել հսկայածավալ ֆինանսական, տեխնիկական եւ այլ միջոցներ պահանջող խնդրի լուծումը, երբ հանքարդյունաբերությունից ստացված շահույթն ամբողջությամբ տնօրինում են տնտեսվարողները:
Ըստ բնապահպանի` ներկայիս գործող օրենսգիրքը ընդերքօգտագործողների համար դրախտային պայմաններ է ստեղծել: «Հանքարդյունաբերողներն արտոնված են իրենց արտադրած թափոնները (մակաշերտի ապարներ, ոչ արդյունաբերական նշանակության հանքանյութեր եւ պոչանքներ) շրջակա միջավայրում տեղադրել` դրանց դիմաց պետությանը հարկ չվճարելով: Երբ իմացա, որ նոր օրենսգրքի նախագիծ է մշակվել, կարծեցի, որ գլխավոր նպատակներից մեկը պետք է լինի հանքարդյունաբերական թափոնների կարգավորումը, նաեւ դրանք հարկման դաշտ բերելը: Սակայն ԱԺ ներկայացված «Ընդերքի մասին» նոր օրենսգիրքի նախագծում թափոնների մասին ուղիղ իմաստով խոսք չկա, միայն մի քանի հոդվածներում հանդիպում ենք «լցակույտեր»` որեւէ կարգավորման չենթարկվող եզրին»:
Սանասարյանը ցավով է նշում, որ հանքարդյունաբերությունը դարձել է պետական պաշտոնյաների մենաշնորհը: «Եթե յուրաքանչյուր պոչանքի համար շահագործողը հարկ վճարեր, ապա յուրաքանչյուր պոչհանքից կստացվեր տարեկան 700 միլիոնից ավելի դրամ, եւ դա էլ հավելյալ գումար կդառնար` փակելու համար մեր արտաքին պարտքերը: Օրինակ` միայն Քաջարանի հանքավայրի պոչանքների հարկման դեպքում պետությունը տարեկան 760 միլիոն դրամ լրացուցիչ միջոցներ կստանար»,- ասաց նա:
ԱԺ ՀՅԴ խմբակցության փորձագետ Աշոտ Եղիազարյանը «Ընդերքի մասին» օրենքի փոփոխությունների եւ ընդերքի օգտագործման չարաշահումների մասին խոսելիս նշեց, որ այսօր ցանկացած օրենսդրություն, նույնիսկ` կատարյալ օրենսդրություն չի կարող լուծել այն հիմնախնդիրները, որոնք կան այդ ոլորտում:
«Նա, ով նախարար էր սրանից տարիներ առաջ, ըստ մամուլում հրապարակած տվյալների` կարողացավ 14 հանքի տիրանալ, հիմա աջակցում է այս օրենքի ստեղծմանն ԱԺ-ում»,- բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանին նկատի ունենալով` ասաց Հակոբ Սանասարյանը:
Նոր օրենքում նաեւ ամրագրվել է մեկ պատուհանի սկզբունքը, որի դեպքում նա ով առաջինը դիմում կհանձնի հանք շահագործելու համար, նա էլ կտիրանա տարածքին: Ըստ բնապահպանի` նոր օրենսգրքով հարկերից խուսափելու արտոնություն տալը հանգեցնում է նրան, որ այն հանքավայրերը, որոնք տնտեսական ցածր շահույթ ունեն ու ենթակա չեն շահագործման, դոտացիայի արդյունքում շահագործելի կդառնան: Խոշոր միջազգային կազմակերպություններ աշխարհի ունեցվածքը հանձնում են ընտանիքների, բայց Հայաստանի համար, եթե այսպես գնա, երկիրը մսաղացով կանցնի»,- ասաց բնապահպանը:
«Երկիր»-ի հարցին, թե ի՞նչ կանի Կանաչների միությունը օրենսգրքի` երրորդ ընթերցմամբ հաստատումից հետո, Հակոբ Սանասարյանը պատասխանեց. «Եթե օրենք ստեղծողներն ու կառավարությունը շահագրգռված են, որ անհատները շահ ստանան, հիմա ինքներդ ասեք` ի՞նչ կարելի է անել: Եվրադատարան չենք դիմի, քանի որ առանձնապես մեծ հույսեր չենք կապում նրանց հետ, ժողովուրդն էլ լրիվ անջատված է կյանքից: Ես այսօր ձեր այդ հարցի պատասխանը չունեմ»:
Վերջում բնապահպանը հայտնեց, որ ՀՀ կառավարությունը ներկայումս դժվարանում է ֆինանսավորել անտառային համակարգը, եւ չի բացառվում, որ կցանկանան նաեւ անտառները սեփականաշնորհել: