Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» օրաթերթն այսօր հայց է ներկայացնելու դատարան` թերթի վրա դրված արգելանքը հանելու վերաբերյալ: Նախորդ շաբաթ դատարանը կալանքի տակ է վերցրել թերթի դրամական միջոցները:
Նշենք, որ Ռ. Քոչարյանը դատի է տվել օրաթերթին իր պատիվը, արժանապատվությունն ու բարի համաավն արատավորելու համար եւ պահանջել է 6 միլիոն դրամ, որը թերթի կես տարվա շրջանառվող գումարն է:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը նշեց, որ եթե դատարանը արգելանքը չհանի, չեն կարողանա վճարել տպագրության համար, պարտքեր կկուտակվեն, եւ տպարանը կհրաժարվի իրականացնել թերթի տպագրությունը:
Խոսք եղավ նաեւ օմբուդսմենի պարտականությունների մասին եւ նրա վերջին ուղերձին` ուղղված դատավորներին, որպեսզի նրանք ավելի հանդուրժող լինեն լրատվամիջոցների նկատմամբ: Ա. Օհանյանը նշեց, որ, ի պատասխան այդ ուղերձի, հենց հաջորդ օրը դատարանը կիրառեց օրաթերթի դրամական միջոցները կալանքի տակ առնելու սանկցիան:
«Օրենքի ապաքրեականացումով Հայաստանում մտցվեց բարոյական վնասի ինստիտուտը` լրատվամիջոցների նկատմամբ: Ըստ էության` հերքումն արդեն պատիժ է»,- ասաց Արմինե Օհանյանը` հավելելով, թե ավելի ճիշտ կլինի, որ գործող օրենքում` որպես փոխհատուցում նշված ահռելի գումարը դարձվի սիմվոլիկ կամ էլ ընդհանրապես գումարային փոխահատուցման կետը հանվի:
Ա.Օհանյանը ասաց նաեւ, որ լրատվամիջոցների դեմ դատական հայցերի շատանալը կհանգեցնի նրան, որ մամուլը կմոբիլիզացնի իր ուժերը եւ կպահանջի օրենքում փոփոխություններ կատարել: Եվ այս դեպքում շատ կարեւոր է նաեւ մարդու իրավունքների պաշտպանի` Կարեն Անդրեասյանի մասնակցությունը:
«Պետք է այս ամենի մեջ ներքաշել նաեւ օմբուդսմենին, որը եփել է այս ճաշը, եւ հիմա պիտի ամեն ինչ անի, որպեսզի օգնի այս վիճակից մենք դուրս գանք: Եթե ինքը ուզում է կայանալ` որպես պաշտոնյա, որպես անձ, որպես ինստիտուտ, ապա գոնե այդ մի հարցում պիտի կարողանա հասնել իշխանությունների կողմից արված զիջումներին»,- ասաց Արմինե Օհանյանը եւ հավելեց, որ ունեն փաստաբան եւ իրենց կողմից անում են ամեն ինչ` դատական քաշքշուկներից հաղթած դուրս գալու համար: Սակայն այդ ամենի վրա ծախսված էներգիան, ըստ նրա, կարող էր թերթի զարգացմանն ու մյուս անելիքներին ուղղվել: