կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-24 18:03
Մշակույթ

Սփյուռքահայ լրագրողները կվերապատրաստվեն հայրենիքում

Սփյուռքահայ լրագրողները կվերապատրաստվեն հայրենիքում

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը Սփյուռքի նախարարության հետ համատեղ կազմակերպում է սփյուռքահայ լրագրողների վերապատրաստման դասընթացներ: Դասընթացներին կմասնակցեն Սփյուռքի հայկական որեւէ լրատվամիջոցում աշխատող կամ համայնքի կողմից երաշխավորված մինչեւ 33 տարեկան 19 լրագրողներ 11 երկրներից` ԱՄՆ, Բրազիլիա, Մեծ Բրիտանիա, Նիդերլանդներ, Եգիպտոս, Իրան, Սիրիա, Լիբանան, Ռուսաստան, Էստոնիա, Վրաստան:

«Սփյուռքի լրատվամիջոցների երիտասարդ լրագրողների դպրոց» ծրագրի բացման արարողությունը կկայանա հունիսի 27-ին` ԵՊՀ-ում:

Դասախոսություններով հանդես կգան հայաստանյան լրատվամիջոցների խմբագիրներ Հակոբ Ավետիքյանը, Արամ Աբրահամյանը, Հրայր Զորյանը, Արա Թադեւոսյանը, գրող, հրապարակախոս Պարույր Աղբաշյանը (Բեյրութ), «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանդահարյանը (Բեյրութ), «Խոսնակ» պարբերականի գլխավոր խմբագիր, գրող, հրապարակախոս Համբիկ Մարտիրոսյանը (Բեյրութ) եւ այլք:

Ոլորտին առնչվող տարբեր թեմաներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայ մամուլի եւ հասարակական մտքի բաժնի վարիչ, պրոֆեսոր Ալբերտ Խառատյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանը, ինչպես նաեւ Կարեն Վրթանեսյանը, Հրաչ Բայադյանը, Գագիկ Հովհաննիսյանը, Արման Սուլեյմանյանը, Արմեն Հարեյանը, Աբրահամ Գասպարյանը, Ալբերտ Ստեփանյանը, Մհեր Հովհաննիսյանը:

Մասնակիցները գործնական աշխատանքներ կանցնեն հանրապետական մի շարք լրատվամիջոցներում, որից հետո մի քանի օրվա ընթացքում կնախապատրաստեն իրենց ավարտական աշխատանքները, որոնց պաշտպանությունը տեղի կունենա հուլիսի 14-ին:

Շուրջ 3 շաբաթ տեւողությամբ ծրագրի ավարտին երիտասարդ լրագրողները կստանան մասնակցության վկայականներ: