կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-23 12:55
Առանց Կատեգորիա

Ատելով կռվելը հաղթանակ չի երաշխավորում

Ատելով կռվելը հաղթանակ չի երաշխավորում

Միակ բանը, որ կարելի է սպասել Կազանի հանդիպումից, պատերազմը տեսանելի ապագայում բացառող որեւէ փաստաթղթի ստորագրումն է: Դրանից ավելին սպասելն իրատեսական չէ, քանի դեռ Ադրբեջանը չի փոխել իր դիրքորոշումը Արցախյան հակամարտության լուծման վերաբերյալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը:

Անդրադառնալով ադրբեջանական քարոզչությանը` նա նշեց, որ յուրաքանչյուր նման հանդիպումից առաջ փորձում են պատերազմի վերսկսման հավանակնությունն ուղղակիորեն կապել այդ հանդիպման արդյունքների հետ` եթե հայկական կողմը չհամաձայնի ադրբեջանական պայմաններին, ապա պատերազմ կլինի: Ըստ փորձագետի` սա արդեն իսկ չարչրկված մեթոդ է:

Դ. Ջամալյանն ասաց, որ Կազանից հետո էլ, իհարկե, պատերազմը չի վերսկսի, հոռետեսներն էլ հիմքեր չունեն այս թեզը պնդելու, քանի որ վերջին շրջանի իրադարձությունները չեն հուշում Ադրբեջանի մարտունակության բարելավման մասին, սակայն նշեց, որ առհասարակ պատերազմի վերսկսման հեռանկարը միշտ էլ կա:

Հարցին, թե հայկական կողմը խնդիր չունի՞, կապված այն բանի հետ, որ վերջին 17 տարիներին ադրբեջանցիները հայատյաց քարոզչության մեջ են ապրել, իսկ մեզ մոտ միայն խաղաղասիրական կոչեր արվում, փորձագետը պատասխանեց, որ նույնիսկ այդ պայմաններում էլ մենք երբեք չենք անտեսել պատերազմի վտանգը:

Եվ առհասարակ մենք կարիք էլ չենք ունեցել ադրբեջանցիների հանդեպ արհեստականորեն ատելություն սերմանելու, քանի որ հենց ադրբեջանցիներն են «ապահովել այդ բացը»` Գուրգեն Մարգարյան, Մանվել Սարիբեկյան, Ջուղայի խաչքարեր ...

Փորձագետի խոսքերով` Ադրբեջանում փորձում են ռասիզմի եւ ատելության միջոցով հետագա զինված պայքարի դեպքում հաղթանակ ապահովել: Սակայն միայն ատելությունը ոչինչ է. «Ուզում եմ հիշեցնել, որ 1988-ից հետո ադրբեջանցու հայատյացությունն այնտեղ հասավ, որ եղավ Սումգայիթը, Մարաղան..., բայց չհաղթեցին: Այն ժամանակվա ադրբեջանական բանակն ավելի քիչ չէր ատում հային, քան հիմա է ատում»:

Հարցին, թե հնարավո՞ր է այդ ատելությունից ձերբազատվել, Դ. Ջամալյանը պատասխանեց, որ եթե հաշվի առնենք այն, որ 70 տարի շարունակ մենք եւ ադրբեջանցիները կողք կողքի ապրել ենք, ապա այդ ատելությունը չպետք է լիներ, չպետք է լինեին հայերի ջարդերը: Սակայն այդ ատելությունը կոտրելն այնքան էլ հեշտ չէ. փորձագետն էլ լավատես չէ, որ մոտ ապագայում հնարավոր կլինի դա անել:

Եվ այս պայմաններում խոսել ինչ-որ տարածքներ զիջելու մասին, պարզապես խելամիտ չէ: Քանի որ յուրաքանչյուր նման զիջումը ավելի է թուլացնելու մեզ եւ մեծացնելու պատերազմի հավանականությունը:

Ինչեւէ, ռազմական հոգեբանը վստահ է, որ մենք պատրաստ ենք պատերազմի, իսկ արցախահայությունը` ավելի քան: Վերջերս նա հանդիպում է ունեցել արցախցի երիտասարդների հետ ու եւս մեկ անգամ համոզվել, որ մեզ հաղթելը դժվար է:

Իհարկե, մեր հասարակության մի մասը պարզապես ապատիայի մեջ է եւ առանձնապես հետաքրքրված չէ այս հարցերով, սակայն ճակատագրական պահին բոլորն էլ ոտքի կկանգնեն: