Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում մասնակից պետության կողմից ներկայացվող երեք թեկնածուներից առնվազն մեկը ցանկալի է լինի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մեծ փորձառություն ունեցող և հեղինակություն վայելող, քաղաքականապես չեզոք փաստաբան և առաջնորդվի բացառապես մասնագիտական չափանիշներով:
ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ընտրության 2-րդ փուլ անցած թեկնածուների շարքում է մասնագիտական և իրավապաշտպան ոլորտում հեղինակություն վայելող Դավիթ Հակոբյանը: Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը վստահ է, որ Դավիթ Հակոբյանը, ով ուսանել է Լոնդոնում և Փարիզում, խորությամբ տիրապետում է ՀՀ իրավական համակարգին, ՄԻԵԿ և եվրոպական երկու իրավաճյուղերին, կարող է հանդիսանալ այդ թեկնածուն և ընտրվելու դեպքում արժանապատվությամբ ներկայացնել մեր իրավական յուրիսդիկցիան վերազգային դատարանում:
Ստորև ներկայացնենք Դավիթ Հակոբյանի կենսագրությունը:
Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը, Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարանի «Քրեական իրավունքը և քրեական քաղաքականությունը Եվրոպայում» մասնագիտացմամբ մագիստրատուրան, Երևանում պաշտպանել միջազգային իրավունք մասնագիտության գծով թեկնածուական ատենախոսություն, Լոնդոնում անցել փաստաբանի որոկավորում ստանալու համար պարտադիր իրավակիրառ դասընթաց:
Պ-ն Հակոբյանը աշխատել է Հաագայի Միջազգային քրեական դատարանում, որտեղ ներգրավված է եղել Ուգանդայում «LRA» խմբավորման դեմ քրեական հետապնդում իրականցնող խմբում, մասնավորապես, խմբավորման ղեկավարի և 5 անդամների նկատմամբ կալանքի որոշումների կայացմանը և արժանացել ՄՔԴ Դատապազ Լուիս Մոռենո-Օկամպոյի շնորհակալագրի: Աշխատել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակում որպես Ռազմաքաղաքական ծրագրի ազգային պատասխանատու, իրականացնելով ծրագրեր մարդու իրավունքների պաշտպանությունը բանակում, կարգապահական տույժեր զինված ուժերում, զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության ուժեղացում, մասնավոր թիկնազորային գործունեության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանություն և այլն: ՄԱԿ-ի Զարգացման աջակցության ծրագրի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում աշխատել է որպես իրավաբան-փորձագետ, խմբի ղեկավար կատարելով միջազգային իրավական փաստաթղթերով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ վերլուծություններ աշխատանքային իրավունքներ, խոշտանգում, արդար դատաքննություն, մշակութային կյանքին մասնակցելու իրավունք, երեխաների իրավունքներ, էքսպրոպրիացիա, քրեակատարողական իրավունք, ոստիկանության կողմից ուժի կիրառում և այլ թեմաներով, վերհանելով բացթողումներ, հանդես եկել առաջարկություններով:
Դավիթ Հակոբյանը 2010 թվ-ի դեկտեմբերից ՀՀ փաստաբանական պալատի անդամ է, Լեգելատա իրավաբանական գրասենյակում ղեկավարել է մարդու իրավունքների պաշտպանության բլոկը, Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության ՀԿ շրջանակներում ձեռնամուխ եղել արդիական մի նախաձեռնության, իրագործելով Բիզնեսում մարդու իրավունքների պաշտպանության ծրագիր, ինչը կյանքի է կոչում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Մարդու իրավունքներ, անդրազգային կորպորացիաներ և այլ բիզնես կազմակերպությունների գծով Հատուկ հանձնակատարի կողմից մշակված ոլորտի ուղղորդող սկզբունքները:
Դավիթ Հակոբյանը իրավակիրառ գործունեությանը զուգահեռ դասավանդել է Երևանի պետական համալսարանում: Բաց հասարակություն ինստիտուտում (Սորոսի հիմնադրամ) որպես Խորհրդի անդամ ընտրել է ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքացիական և քրեական գործեր, քննարկել լուծման ուղիներ և առաջարկել հիմնադրամին հատկացնել դրամաշնորհ ՀՀ դատական ատյաններում այդ գործերը վարելու նպատակով:
Դավիթ Հակոբյանի մասնագիտական ողջ գործունեությունը լինի փաստաբանություն, միջազգային, նեպետական իրավապաշտպան կազմակերպություն, թե մասնավոր գրասենյակ եղել է կենտրոնացած մարդու իրավունքների պաշտպանության շուրջ, ՀՀ-ում իրավունքների իրացման մեխանիզմների առանձնահատկություններին, ընդգրկելով իրավունքների մեծ սպեկտր և հաշվի առնելով միջազգային ստանդարտներն ու պահանջները: