Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2017 թվականի սեպտեմբերից ՀՀ հանրակրթական 13 դպրոցում ներդրվել է փորձնական ծրագիր՝ «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Ես և շրջակա աշխարհը» և «Հասարակագիտություն» առարկաների ուսուցում՝ ֆինանսական կրթության տարրերի ներառմամբ: ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր ներկայացվել են փորձնական ծրագրի իրականացման ընթացքը և հետագա անելիքները:
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Կենտրոնական բանկի ներկայացուցիչները՝ բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանի գլխավորությամբ, քանի որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանդիսանում է ծրագրի բովանդակային, իսկ Կենտրոնական բանկը՝ իրականացման և ֆինանսական պատասխանատուն: ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Կենտրոնական բանկին՝ ընդգծելով, որ ծրագրի շրջանակում վերջինիս հետ համագործակցությունը լավ հիմք կհանդիսանա՝ այն որպես օրինակ զարգացնել նաև այլ ուղղություններով, քանի որ ընտրված ձևաչափը, ըստ Լևոն Մկրտչյանի, շատ արդյունավետ է:
Նախարարն անդրադարձել է նաև այն հարցին, թե փորձնական ծրագրի արդյունքը որքանով կարող է կիրառելի լինել համընդհանուր ներդրման պարագայում: Լևոն Մկրտչյանը խոսել է նաև Մանկավարժական համալսարանի կրթական ծրագրերում ֆինանսական կրթության բաղադրիչի ներդրման հնարավորության մասին:
Նշենք, որ փորձնական ծրագրում ընդգրկված է 2-11 դասարանների շուրջ 1600 սովորող: Ծրագրի շրջանակում վերապատրաստվել է 13 դպրոցի 46 ուսուցիչ, հաստատվել են վերոնշյալ առարկաների փորձնական չափորոշիչները և ծրագրերը, ուսուցիչների վերապատրաստման մոդուլը: Շուտով պատրաստ կլինի նաև ուսուցիչների ձեռնարկը: Ծրագրի շրջանակում մեթոդական աջակցություն է ցուցաբերվել ուսուցիչներին, իրականացվել են դասերի դիտարկումներ, ձևավորվել են ֆոկուս խմբեր:
Փորձնական ծրագրի նպատակն է գնահատել սովորողների և ուսուցիչների շրջանում դրա ազդեցությունը, արձանագրել հաջողությունները և դժվարությունները, սահմանել առաջնահերթություններ՝ բովանդակային բոլոր նյութերի վերանայման փուլում: Ակնկալվում է, որ առաջիկայում կիրականացվի մշակված փաստաթղթերի վերանայում, դասընթացավարների վերապատրաստում (TOT), ուսուցիչների դասընթաց, ինչպես նաև մոնիթորինգ և գնահատում: 2018 թվականի սեպտեմբերից նախատեսվում է ծրագիրն իրականացնել ևս 350 դպրոցում:
ՀՀ ԿԳՆ