Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր կառավարությունը բարեփոխումներ է կատարում գործարար միջավայրը բարելավելու համար, փոփոխություններ են կատարվում օրենքներում եւ իրավական նորմերում, սակայն, արի ու տես, օտարերկրյա ներդրումների ծավալներն ընդլայնվելու փոխարեն նվազում են:
Թե ինչո՞վ է պայմանավորված այս հանգամանքը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, որ արտասահմանցիները որեւէ երկրում ներդրումներ անելուց առաջ ուսումնասիրում են դաշտը եւ առաջին հերթին կարեւորում են տեղի աշխատուժի մրցունակությունը. «Այսօր խոշոր բիզնեսներն այն երկրներում են, որտեղ կա մրցունակ աշխատուժ: Այսինքն` մենք պետք է բարձրորակ կրթությանը զարկ տանք եւ բարձրացնենք մեր աշխատուժի մակարդակը»:
Մյուս կարեւոր գործոնը, որ գործարարները հաշվի են առնում, տարածաշրջանային, ինչպեսեւ ներպետական քաղաքական կայունությունն է: Գ. Մակարյանը օրինակ է բերում Վրաստանը, որտեղ մեծ թափով եւ կտրուկ բարեփոխումներ կատարվեցին, հասան զգալի արդյունքների, բայց այնտեղ էլ օտարերկյա ներդրումները մեծ չեն (թեեւ այդ ծավալներն էլ, մեղմ ասած, չես համեմատի Հայաստանի հետ): Այս դեպքում պատճառը տարածաշրջանային անկայունությունն է, պատերազմի վերսկսման հավանականության առկայությունը. «Ներդրողը մեկ տարով չի գնում այդ երկիր: Տեղացին չէ, որ մտածի, թե կարող է փոխել բիզնեսը, փակել... Նա պլանավորում է այստեղ լինել 15-20 տարի, հետեւաբար գնահատում է, թե ինչ փոփոխություններ կարող են լինել գործարար միջավայրում, հաշվի է առնում մյուս գործոնները»:
«Երկիր»-ի այն նկատառմանը, որ վերջերս կազմակերպված միջազգային խորհրդաժողովի ժամանակ ներդրումների քիչ ծավալների հիմնական խոչընդոտը փորձագետները համարում էին կոռուպցիան` ստորադասելով վերոհիշյալ գործոնները, Գ. Մակարյանը պատասխանեց. «Կոռուպցիան, ցավոք, դեռեւս բարձր մակարդակի վրա է, սակայն բարեփոխումներն իրենց արդյունքը կտան»: Նա հավելեց, որ, օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքներն արդեն նկատելի են ՀՀ աշխատանքի պետական տեսչությունում:
Կոռուպցիայի դեմ պայքարին պետք է մասնակցեն ոլորտին առնչվող բոլոր մարդիկ` իմանալով իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին, պետք է տեղեկացված լինեն դաշտի անցուդարձին: Գ. Մակարյանը նշեց, որ, օրինակ, գործատուների մի մասն իր պարտականությունները չգիտի` օրենքներին չտիրապետելու պատճառով: Իսկ երբ իրենց միությունը հարցումներ է արել գործարարների շրջանում, թե որտեղի՞ց են ստանում իրենց գործունեությանն առնչվող ինֆորմացիան, զգալի մասը պատասխանել է` ԶԼՄ-ներից, իսկ մի մասն էլ` իրենց հաշվապահից: Այսինքն`երկու աղբյուրներն էլ հիմնականում պաշտոնական համարվել չեն կարող:
«Երկիր»-ի հարցին, թե այդ ոլորտում կատարվող բարեփոխումների արդյունքները ե՞րբ կերեւան, Գ. Մակարյանը նշեց, որ տարեվերջին արդեն արդյունքը նկատելի կլինի. «Ես կարծում եմ, որ մի քանի ամիս հետո բարեփոխումներն ավելի արագ ընթացք կստանան: Մենք ներկայումս կանգնած ենք երկու մարտահրավերի առջեւ` նախ` պիտի գտնենք մեր տեղը գլոբալ շուկաներում, երկրորդ` տարածաշրջանում: Միայն տնտեսապես զարգացած պետությունը կարող է ծանրակշիռ դեր ունենալ»:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ