կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-09 14:00
Տնտեսական

Ինչո՞վ կարող է Հայաստանը գրավել ներդրողներին

Ինչո՞վ կարող է Հայաստանը գրավել ներդրողներին

Այսօր ԱԺ-ում 2016թ. բյուջեի նախագիծն էր ներկայացնում էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը: Նա նշեց, որ զբոսաշրջության ոլորտում նախատեսել են 5 տոկոս աճ, հայտնեց նաև, որ 2015-ին Հայաստան է այցելել 1 միլիոն 400 հազար զբոսաշրջիկ:

ՕԵԿ-ական պատգամավոր Լևոն Դոխոլյանը հարցրեց ՓՄՁ ոլորտի անկման մասին, թե արդյո՞ք  դրա վերաբերյալ էկոնոմիկայի նախարարությունն ունի տվյալներ:

Էմիլ Տարասյանը պատասխանեց, որ մոնիթորինգ արվում է, մշակվել է եռամյա ծրագիր, որում նախանշված են նպատակային հարցեր, որոնց պատասխանը նախատեսում են ստանալ 2018-ին: «ՓՄՁ ոլորտի անկման առումով՝ չունենք դեռևս վիճակագրություն»,- ասաց փոխնախարարը:

 ՓՄՁ աջակցության ծրագրերի մասին հարց ուներ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ արդյո՞ք բոլոր ՓՄՁ-ները տեղյակ են, թե էկոնոմիկայի նախարարությունը աջակցության ինչ ծրագրեր է իրականացնում: «Ինչո՞ւ այդ ծրագրերը հրապարակային չեն, և ո՞րն է Հայաստանի առավելությունը ներդրողների համար: Տպավորիչ աճի տեմպեր մենք պարտավոր ենք ապահովել, ի՞նչ քայլեր պետք է իրականացվեն այդ ուղղությամբ»,- հարցրեց պատգամավորը:

Փոխնախարարը պատասխանեց, որ ներդրումային ծրագրերի մեծ մասն ուղղված է գիտատար ուղղությունների զարգացմանը, և որ դրա համար կան լուրջ նախադրյալներ: Նրա խոսքով՝ ԵՏՄ անդամակցությամբ Հայաստանը դիտվում է որպես կամուրջ ԵՄի և ԵՏՄ-ի միջև: Նա հավելեց, որ ավարտին է մոտենում Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի շինարարությունը, նախաձեռնում են կառուցել Կապանի տեխնոլոգիական կենտրոնը:

«Կա բարենպաստ միջավայր գիտատար ուղղությունների զարգացման համար, և ամենակարևորը՝ ունենք մարդկային բացառիկ ներուժ: Մենք կարող ենք մեր արտադրանքը հանել ԵՏՄ շուկա: Համաձայն եմ, որ իրազեկման խնդիր կա, որպեսզի ներդրողները ներգրավվեն այդ ծրագրերում»,- ասաց էկոնոմիկայի փոխնախարարը՝ հավելելով, որ մինչև տարեվերջ հայկական ավիաշուկա մուտք կգործեն լեհական ու չեխական ավիաուղիները, ինչը սեզոնային գործոնով է պայմանավորված:

Խոսրով Հարությունյանը հարցրեց, թե GSP պլյուսն ի՞նչ կոնկրետ առավելություններ է տվել տնտեսությանը: «Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, թե միլիոնավոր ներդրողները կան, բայց Հայաստանի տեղը չգիտեն: Ունենք 11 արտահանման ոլորտ, որոնք գերակա են, բայց ներդրողներ չկան, ներդրողների հետ աշխատանքներ տարվո՞ւմ են, որ նրանք ուրիշ երկրներ չգնան, այլ Հայաստան գան: Զարգացման հիմնադրամ ունենք և արտահանմանն ուղղված կառույց, ինչո՞ւ ենք երկու կառույց պահում, եթե երկուսն էլ պետք է ներդրող բերեն, միացրեք իրար, ավելի խոշորացրեք»,- ասաց պատգամավորը:

Էմիլ Տարասյանը պատասխանեց. «Բնականաբար, աշխատում ենք յուրաքանչյուր ներդրողի հետ»:

Իսկ թե GSP պլյուսի վերաբերյալ ինչ տվյալներ կան, փոխնախարարը նշեց, որ կա դրական միտում, բայց այս պահին տվյալներ չունի իր մոտ: