Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանյան դեղագործական ընկերությունները մինչեւ 2012 թվականը ամբողջությամբ պետք է անցնեն GMP (Good Manufacturing Practice, Պատշաճ արտադրական գործունեություն) չափորոշիչներին։ Դա էլ կապահովի, որ տեղական արտադրանքը մուտք ունենա, մասնավորապես, եվրոպական երկրներ եւ մրցունակ լինի. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դեղարտադրողների եւ ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը:
Նա նշեց, որ դեղագործական ընկերությունները, որոնք արդեն պատրաստ են կիրառել այդ չափորոշիչները, կարող են հայտեր ներկայացնել, անցնել ստուգումները եւ ստանալ հավաստագրեր:
Հայաստանում ներկայումս գործում են 14 դեղագործական ընկերություններ, որոնք կարողանում են արտադրել բոլոր տեսակի դեղամիջոցներ` հեղուկ, կարծր: Արտադրանքի կեսն իրացվում է ներքին շուկայում, իսկ կեսն արտահանվում է հիմնականում ԱՊՀ երկրներ:
Սակայն, ինչպես նշեց GXP կենտրոնի ղեկավար Արամ Ղազարյանը, ներքին շուկայի միայն 10-12 տոկոսն է կազմում տեղական արտադրանքը: Սա պայմանավորված է փոքր շուկայով, բնակչության ոչ մեծ թվով, կան նաեւ այլ հանգամանքներ: Օրինակ` այն, որ արտասահմանյան արտադրանքն ավելի հարգված է մեզ մոտ:
Հարցին, թե ո՞րն է հայկական արտադրանքի առավելությունը, Ս. Զաքարյանը պատասխանեց, որ մեր շուկայում վաճառքի թույլտվություն ստանալու համար թե' տեղական, թե' արտասահմանյան արտադրության դեղերը լաբորատոր հետազոտություն են անցնում: Դա կատարվում է անանուն կերպով. ստուգողը չի իմանում, թե ինչ արտադրության դեղ է ստուգում: Այսինքն` որակի տեսանկյունից երկուսն էլ հավասար են:
Սակայն դեռեւս խորհրդային տարիներից եկող մտածելակերպի հարցը կա, երբ կարծում են, թե տեղականը զիջում է արտասահմանյանին: