Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 10-ին պաշտոնական այցով Վրաստան կմեկնի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:
«Ազգ» օրաթերթի հետ զրույցում Մայր աթոռ Սուրբ էջմիածնի մամլո դիվանի պետ Վահրամ քահանա Մելիքյանն ասաց, որ օրակարգը բավական հագեցած է: Հունիսի 11-ին կաթողիկոսը կհանդիպի Վրաց պատրիարք Իլյա Բ-ին, այնուհետեւՙ նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն: Օրվա երկրորդ կեսին կաթողիկոսը կայցելի Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոն: Հունիսի 12-ին Գարեգին Բ-ն կվերաօծի Հավլաբարի եկեղեցին եւ կմատուցի պատարագ:
«Հունիսի 13-ին Վրաց պատրիարք Իլյա Բ-ի ուղեկցությամբ Ամենայն հայոց կաթողիկոսը կմեկնի Ջավախք: Հաջորդ երեք օրերի ընթացքում կաթողիկոսը կլինի Ախալցխայում, Ախալքալաքում, Նինոծմինդայի եւ Ծալկայի շրջաններում»,- ասաց տեր Վահրամը:
Դեռեւս մարտ ամսին «Ազգ» օրաթերթի հետ ունեցած զրույցի ժամանակ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, անդրադառնալով Վրաստանում հայկական եկեղեցիների կարգավիճակի խնդրին, հույս էր հայտնել, որ ջանքերը կպսակվեն հաջողությամբ ոչ միայն Վիրահայոց թեմի գրանցման, այլեւ Վրաստանում գտնվող հայկական եկեղեցիների վերադարձման հարցում: Այդ ժամանակ Վեհափառը նշել էր, որ Վիրահայոց թեմից պահանջ է ներկայացվել Վրաստանի իշխանություններին` հետ ստանալու Վրաստանում գտնվող 6 հայկական եկեղեցիներ, որպեսզի դրանք դառնան գործող եւ ծառայեն թեմին: Այժմ թեմը սպասում է պատասխանին:
«Վրաստան կատարվելիք այցի հանդիպումների ժամանակ կբարձրացնենք նաեւ Վիրահայոց թեմին հուզող բազմաթիվ խնդիրներ, այդ թվումՙ եկեղեցիների վերադարձման»,- ասել էր կաթողիկոսը:
«Հայկական եկեղեցիների հարցը երկու երկրների հոգեւոր առաջնորդների հանդիպման ժամանակ քննարկվելո՞ւ է» հարցին տեր Վահրամը պատասխանեց. «Կքննարկվեն բոլոր այն հարցերը, որոնք տարիներ շարունակ մտահոգության տեղիք են տվել»:
Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի այցը Վրաստան նախատեսվում էր դեռեւս անցյալ տարվա հունիս ամսին, հետաձգվեց նոյեմբերին եւ կրկին չեղյալ հայտարարվեց: Հիշեցնենք, որ 1894-ից ի վեր, երբ Խրիմյան Հայրիկը այցելեց Ջավախք, հայոց որեւէ կաթողիկոս պաշտոնական այցով Ջավախքում չի եղել: