Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ջերի,
Երբ հետադարձ հայացք եմ նետում այն տարիներին, որոնք վատնվեցին Հայոց ցեղասպանության թանգարանի և հուշահամալիրի (Armenian Genocide Museum and Memorial - AGMM) ու Ամերիկայի հայկական համագումարի դեմ քո կողմից նախաձեռնված դատավարությունների արդյունքում, ապա տեսնում եմ, որ այժմ դու հայտնվել ես նույն այն տեղում, ինչ 2006 թվականին, երբ ամբողջովին վերահսկում էիր նախագիծը:
Այն ժամանակ Ցեղասպանության թանգարանի խորհրդի մյուս անդամներն իրենց քվեարկությամբ լուռ համաձայնեցին քո նախագծի հետ. դրա գրավոր ապացույցը քո ձեռքում է: Ես որոշեցի դիմել քեզ այս բաց նամակով ողջ դատավարության ընթացքում լուռ մնալուց հետո, անգամ այն պարագայում, երբ դու օգտագործեցիր քո լրատվական աղբյուրները դատավարության ընթացքում իմ մասին կեղծ փաստեր և չարակամ հոդվածներ շարունակաբար տարածելու համար:
Ինչպես բազմիցս նշել եմ` իմ ներգրավված լինելը նախագծում պայմանավորված է այն խորին հավատով, որ մեր երկրի մայրաքաղաքում Ցեղասպանության թանգարան կառուցելը վեհ և ազնիվ մղում է հանուն ամբողջ հայ ժողովրդի: Այժմ, այդքան համառ պայքարից հետո, երբ ողջ սեփականությունը և հետևաբար նաև նախագծի նկատմամբ լիակատար հսկողությունը քո ձեռքում է, ես հուսով եմ, որ դու իսկապես մտադրված ես օգտագործել այն Հայոց ցեղասպանության թանգարան կառուցելու համար, ինչպես խոստացել ես դատավորին և հայ ժողովրդին:
Ես հուսով եմ նաև, որ նախագծին չի սպառնա նույն ճակատագիրը, որին արժանացավ մինչ օրս չիրականացված` Երևանում արվեստի թանգարանի ստեղծման քո մեծ գաղափարը, և որ դու էլ ավելի շահագրգռված կլինես ավարտին հասցնել 200 միլիոն ԱՄՆ դոլարի` Ցեղասպանության թանգարանի ստեղծումը, ինչի մասին այդքան հաճախ խոսել ես:
Չնայած դատավարության ժամանակ չցանկացար երաշխավորել, որ այս սեփականությունը կօգտագործվի բացառապես թանգարանի կառուցման նպատակով, դու պարտավորված ես հայ ազգի առջև ի սկզբանե հաստատված գաղափարով և առանց որևէ պայմանների կառուցել Ցեղասպանության այս թանգարանը: Եթե դու պատրաստ ես սա երաշխավորել, ես միգուցե կկարողանամ համոզել բոլոր շահագրգիռ կողմերին չդիմել բողոքարկման:
Հրայր Հովնանյան