Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա նույնքան ապաշնորհ ստորադասներն ամիսներ շարունակ հակահայկական հայտարարություններ էին անում։ Սկզբում նա նսեմացրեց Արարատ լեռը, այնուհետև քննադատեց Հայաստանի Հանրապետության սահմանադրորեն պաշտպանված պետական խորհրդանիշները՝ օրհներգը և զինանշանը։
Փաշինյանը նաև առաջարկեց, որ Հայաստանը ընդունի նոր Սահմանադրություն՝ ջնջելով Արցախի և Հայոց ցեղասպանության մասին հիշատակումները, որոնք ամրագրված են Անկախության հռչակագրում։ Նա բազմիցս արհեստական տարբերություն է դնում «Պատմական Հայաստանի» և «Իրական Հայաստանի» միջև՝ նկատի ունենալով այսօրվա Հայաստանի Հանրապետությունը, որը Հայոց հայրենիքի մի փոքր մասն է։
Փաշինյանը համակված էր նաև խաղաղություն մուրալու մոլուցքով թշնամական Ադրբեջանից, որը շահագրգռված չէ Հայաստանի հետ հաշտություն կնքելու հարցում։ Նախագահ Իլհամ Ալիևի միակ նպատակը Հայաստանի լիակատար ոչնչացումն է, մի երկրի, որի գոյությունը նա մերժում է՝ այն անվանելով «Արևմտյան Ադրբեջան»։ Ցավոք, Փաշինյանն արդարացնում է իր բոլոր պարտվողական և զիջողական հայտարարությունները՝ օգտագործելով վախեցնելու մարտավարությունը, որ եթե Հայաստանը չկատարի Ադրբեջանի պահանջները, այն նոր պատերազմ կսկսի․․․
Իր հնազանդ ծառաներից մեկի միջոցով Փաշինյանը հիմա էլ կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը՝ ցեղասպանության իրական փաստերը հաստատելու պատրվակով։ Վերջին սկանդալը սկսվեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ, Փաշինյանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բարձրաստիճան անդամ Անդրանիկ Քոչարյանի խիստ կասկածելի հայտարարությամբ։ Խորանալով իր պաշտոնի հետ աղերս չունեցող թեմաների մեջ՝ Քոչարյանը կասկածի տակ դրեց Հայոց ցեղասպանության փաստերը։ Բնականաբար, ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցները չափազանց գոհ էին նրա հայտարարությունից։
Ապրիլի 14-ին «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում Քոչարյանն ասաց, որ Փաշինյանը նպատակ ունի կառուցելու ցեղասպանությանն առնչվող «իրական հիմքեր» և «ցեղասպանության ենթարկված հայրենակիցների ցուցակն ավելի առարկայական դարձնել»։ Ավելին, նա ընդգծեց, որ անհրաժեշտ է ունենալ ցեղասպանության ենթարկված բոլոր հայերի անունները և ստուգել, թե «որտեղ, ինչպես և ինչ պայմաններում են» նրանք սպանվել։ Պնդելով իր սխալ հայտարարությունը, նա հենց հաջորդ օրն այն կրկնեց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Այնուամենայնիվ, կոշտ քննադատության ենթարկվելուց հետո, Քոչարյանը հայտարարեց, որ արտահայտում է ոչ թե իր կուսակցության, այլ իր անձնական տեսակետները, այդպիսով պաշտպանելով Փաշինյանին իր անպատասխանատու խոսքերից։ Սակայն ակնհայտ է, որ Քոչարյանը չէր համարձակվի նման վիճահարույց հայտարարություն անել առանց իր շեֆի՝ վարչապետի նախնական հավանության, որը միանձնյա կայացնում է կառավարական բոլոր որոշումները։ Բացի այդ, ինքը՝ Քոչարյանը, ցեղասպանության մասին իր հայտարարության մեջ հղում էր արել Փաշինյանին։
«Սա պարզ նպատակ ունի, որպեսզի իմանանք մեր 1,5 միլիոն հայրենակիցների հասցեներն ու վայրերը։ Դա ևս շատ կարևոր է ապագայում մեր [Թուրքիայի հետ] հարաբերությունների կառուցման համար», ասաց Քոչարյանը։ «Ապրիլի 24-ը մոտենում է։ 1,5 միլիո՞ն էր, թե՞ 2 միլիոն կամ պակաս։ Դա պետք է ճշտորեն հասցեականացնել։ Բայց եթե մենք դա չարձանագրենք, ապա մյուս կողմը [Թուրքիան] միշտ կարող է ասել, թե նման բան չի եղել։ Եվ մինչ օրս էլ նրանք այդպես են ասում», հավելեց նա։
Սա չափազանց վտանգավոր հայտարարություն է, որն արվում է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից։ Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ թութակաբանում թուրքական ժխտողական թեզի, որ տասնամյակներ շարունակ նվազագույնի է հասցրել հայ զոհերի թիվը՝ ասելով, որ այն շատ ավելի քիչ է, քան 1,5 միլիոնը, ցինիկաբար հարցնելով՝ որտե՞ղ են մահացածների մարմինները: Այժմ գալիս է Հայաստանի իշխող կուսակցության անդամը՝ վստահություն հայտնելով թուրքական հերքումներին։
Հայոց ցեղասպանության զոհերի թիվը ճշտելու ձգտումը խնդրահարույց է նաև այլ պատճառներով: Ցեղասպանությունից հարյուր ինը տարի անց Քոչարյանը «փայլուն» գաղափար է հղացել՝ հաշվելու զոհերի թիվը։ Անհնար է, որ որևէ մեկը հետ գնա և փաստի բոլոր 1,5 միլիոն հայ զոհերի անուններն ու վայրերը: Չկան զոհերի գերեզմանները և հետքերը։ Բնաջնջվել են ամբողջական ընտանիքներ՝ իրենց գերդաստաններով։
Երկրորդ, եթե Քոչարյանը շարունակի իր անհեռատես առաջարկը, ապա ես կասկածում եմ, որ հնարավոր կլինի գտնել երկու հարյուր հազարից ավելի զոհերի անուններ։ Սա կլինի ամենամեծ նվերը, որը կարող է մատուցվել թուրք ժխտողականներին: Այն րոպեին, երբ կհավաքվի և կհայտարարվի զոհերի համեմատաբար փոքր թիվ, թուրք ժխտողականները կհայտարարեն, որ հայերը պարզապես ապացուցեցին, որ ցեղասպանություն չի եղել և 1,5 միլիոնից շատ ավելի պակաս զոհեր են եղել: Թուրքիայի կառավարությունը կհայտարարի աշխարհին, որ արդեն մեկ դար է իրենք ասում են, որ ցեղասպանությունը մեծ կեղծիք է, և հայերը վերջապես ապացուցեցին դա։
Ո՛չ Քոչարյանը, ո՛չ թուրք ժխտողակաները ամենևին պատկերացում չունեն ՄԱԿ-ի՝ ցեղասպանության սահմանման մասին, որը հիմնված է մարդկանց որոշակի խմբի «ամբողջությամբ կամ մասամբ» սպանելու մտադրության վրա, առանց զոհերի նվազագույն թիվը նշելու։ Այսպիսով, ամբողջ հործընթացը ոչ միայն ժամանակի կորուստ է, այլև հակաարդյունավետ:
Ես ավելի լավ առաջարկ ունեմ։ Տարիներ առաջ մի հոդված էի գրել՝ առաջարկելով, որ հայերը ստեղծեն «Ամոթի պատ» և դրա վրա նշեն բոլոր նրանց անունները, որոնք ժխտել են Հայոց ցեղասպանությունը 1915 թվականից ի վեր, ներառյալ թուրք ժխտողականներին և ոչ թուրքերին, այդ թվում՝ որոշ հայերի:
Իրավիճակն ավելի սրելով, Հայաստանի «սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն» անցած շաբաթ հեռուստատեսային հարցազրույցում ցնցող կերպով ողջունեց Քոչարյանի անխոհեմ խոսքերը՝ հայտարարելով, որ «շատ է հավանում այդ գաղափարը»: Չպետք է շատ զարմանալ, որ Սինանյանը հակառակ իր կոչման, բազմաթիվ հայտարարություններ է արել, որոնք հակասում են Հայաստանի և Սփյուռքի շահերին։
Եթե Փաշինյանը շարունակի իր հակահայկական հայտարարությունները, ի՞նչ է հայտարարելու հաջորդ անգամ՝ թուրքական դրոշի այրման արգելո՞ւմը ապրիլի 24-ին Երևանում, թե՞ Ցեղասպանության հուշարձանի և թանգարանի փակումը՝ օգտագործելով վախեցնելու իր սովորական մարտավարությունը, որ հակառակ դեպքում Թուրքիան կհարձակվի։
Ցավալի է, որ Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին մենք ստիպված ենք գործ ունենալ այնպիսի հայերի հետ, որոնք ծառայում են ցեղասպանության թուրք ժխտողականների գործին՝ Թուրքիայի նկատմամբ մեր արդար պահանջներն առաջ տանելու փոխարեն:
Հարութ Սասունյան
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի