կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-26 04:49
Քաղաքական

Էս ազգն էդպես էլ մածուն չկերավ...

Էս ազգն էդպես էլ մածուն չկերավ...

Հայաստանյան մի շարք քաղաքական գործիչներ ու քաղաքագետներ երեկ հավաքվել էին` պարզելու, թե ինչո՞ւ մեր երկրում քաղաքական նոր լիդերներ չկան, եւ ի՞նչն է խոչընդոտում նրանց ձեւավորմանը:

Ակնհայտ է, որ մեզ մոտ քաղաքական լիդերների փոփոխություններ կա'մ չեն արձանագրվում, կա'մ դրանք խիստ աննկատ են, եւ բնականաբար, քաղաքական սերնդափոխությունն էլ ավելի է դանդաղում:

Բայց երիտասարդ հանրապետական Կարեն Ավագյանը, օրինակ, համոզված է, որ Հանրապետական կուսակցությունն իր գործունեության ընթացքում ապացուցել է, որ իրականացնում է սահուն սերնդափոխություն: «Լինելով առաջին կուսակցությունը` Հանրապետականն իրականում քաղաքական դարբնոց է եղել թե' քաղաքական դաշտի համար, թե' գործադիր իշխանության»,- ասում է երիտասարդը` շեշտելով, որ ՀՀԿ-ն ունեցել է չորս լիդեր:

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանն էլ նշեց, որ կուսակցության համամասնական ցուցակներում որոշվել է 10 տոկոսը վերապահել երիտասարդներին:

ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը համոզված է, որ լիդերը պետք է ձեւավորվի հասարակության պահանջով, սակայն գաղտնիք չէ, որ Հայաստանում շատ հաճախ նախաձեռնությունը ոչ թե ներքեւից է գալիս, այլ վերեւից:

«Հայաստանում կուսակցությունները ստեղծվում են հիմնականում վերեւից իջեցված քաղաքական կարճատեւ պրոյեկտներին ծառայեցնելու նպատակով: Դրանք ընտրական իմիջ իրականացնող կուսակցություններ են, որոնց նպատակը իշխանության զավթումն է»,- նշեց պատգամավորը` հավելելով, որ հասարակությունը հոգնել է դաշտում խաղացող նույն լիդերներից:

«Ժառանգության» պատգամավոր Ստյոպա Սաֆարյանն էլ նշեց, որ այսօր խաղի կանոններն արդար, եւ մրցակցային դարձնելու խնդիր ունենք. «Հայաստանում քաղաքական միջավայրը չափազանց դեստրուկտիվ է, եւ չափազանց վտանգավոր. ամեն մեկը չէ, որ կգնա այդ համարձակությանը, եւ լիդերի որակներ ունեցող մարդկանց չես կարող մեղադրել, թե ինչու չեն մտնում այդ ցեխոտ, կեղտոտ միջավայրի մեջ»:

Սաֆարյանի խոսքով` լիդերը պետք է հոգեբանորեն պատրաստ լինի ենթարկվել հետապնդումների եւ ճնշումների, սա է պատճատը, որ քաղաքական ասպարեզում նոր որակի մարդիկ չեն հայտնվում եւ նոր լիդերներ չունենք:

Ստյոպա Սաֆարյանը նաեւ ընդգծեց, որ այսօրվա երիտասարդները հասարակական շարժման փուլ չեն անցնում, կուսակցությունների ներսում չկա «լիֆտ», եւ ոչինչ չի մնում, քան շրջվել հետ եւ փնտրել լիդերին արդեն հների շարքից:

Եվ այսպես մենք ունենք նախկին լիդերների վերադարձի ֆենոմենը, երբ 10 տարի առաջ հեռացածը կարող է նորից հայտ ներկայացնել, որովհետեւ նորը չկա:

ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը համաձայնեց այն մտքին, որ եթե մրցակցություն չկա, լիդերի մասին խոսք լինել չի կարող: «Երեք սերունդ ունենք, երեքին էլ դաստիարակել ենք «փորձած թանը անփորձ մածնից լավ է» կարգախոսով: Էհ, էս ազգը տենց էլ մածուն չկերավ»,- ասաց նա:

Անտինյանի բնորոշմամբ` ազգն ունի ցիկլային սկլերոզ. «88թ.-ին սուլեցին Կարեն Դեմիրճյանին` 98-ին բերեցին, 98թ. սուլեցին Լեւոն Տեր-Պետրոսյանին` 2008-ին բերեցին, հիմա էլ առավոտից իրիկուն, որ թերթը բացում ես` հայ-հավար Ռոբերտ Քոչարյանը գալիս ա: Բոլորն ասում են` չի գալիս, ասում ա` դու չգիտես: Սա չարիք է մեզ համար»,- եզրակացրեց ՀՌԱԿ ատենապետը:

ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանն էլ դժգոհեց, որ ոչ միայն դաշտն են մենաշնորհել, այլեւ Նժդեհին: Հակադարձելով Կարեն Ավագյանին` նա նշեց, որ այո, Հանրապետականն ունի դարբնոց, բայց այդ դարբնոցում կոփում են ոչ թե այլակարծություն, այլ իրենց հավատարիմ կադրեր:

«Ձեզ մոտ սերնդափոխությունն այնպես է ընթանում, որ մենք տեսնում ենք 26 կամ 28 տարեկան երիտասարդի` նախարարի պաշտոնում: Էստեղ են ասում` խելքին աշե»,- վրդովված նշեց ԺԿ ղեկավարը` հավելելով, որ չկա մի մարդ, որ սիրում է իշխանության լիդերներին:

«Մի հատ լիդեր ցույց տվեք, որին սիրում են. վերցրեք ցանկացած գերատեսչության ղեկավարի: Ժողովուրդը պետք է մի հատ սիրված ղեկավար չունենա՞. Դեմիրճյանից հետո էդպիսի մարդ չկա»,- հայտարարեց Տ. Կարապետյանը` հավելելով, որ իր եւ իր նմանների` որպես լիդեր կայացմանը խոչընդոտում է իշխանությունը` իր սեւ փիարով: