կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-21 15:57
Մշակույթ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էդպես էլ մենք ժողովուրդ չդառանք, մնացինք խալխ». Թումանյան՝ ողբերգական ու փառահեղ

  Հովհաննես Թումանյանի տարեդարձը, գիրք նվիրելու, գիրքն արժևորելու ավանդույթն  ու մայրենիի տոնը խորհրդանշաբար շաղկապվում են: Թումանյանն ազգային արժեհամակարգի ընդհանրացումն է, մտավորականի, ազգային գործչի զտարյուն կերպար. ամեն տարիք իր Թումանյանն ունի, Թումանյանն անգամ դեռ չծնված  մանկան մեջ է:

Yerkir.am-ի զրուցակիցը 1985 թվականից ԵՊՀ հայկական բանասիրության ֆակուլտետի ուսանողներին թումանյանական գիտելիքներ ու իմացություններ փոխանցող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանն է:

Ես ամենայն հայոց բանաստեղծն եմ

 Ամենայն հայոց բանաստեղծ Թումանյանն ինքն է իրեն անվանել: Մեծ եղեռնից հետո, երբ գաղթականների ու որբերի քարավանները հասնում են Էջմիածին, կաթողիկոս Սուրենյանը նրանց ճանապարհը կտրում է՝ ասելով.«Ես՝ ամենայն հայոց կաթողիկոսս, արգելում եմ  վարակներով հիվանդ երեխաների մուտքը վեհարանի նորակառույց շենք»: Հովհաննես  Թումանյանն էլ պնդում է. «Ես՝ ամենայն հայոց բանաստեղծս, ասում եմ՝ ամեն ինչ պիտի տրամադրել՝ այս որբերի կյանքը փրկելու համար»:

Հայ գրականության արևը

«Մենք թումանյանագիտության ներկա փուլում էլ գտնվում ենք Թումանյանի ստեղծագործության մակերեսի վրա:  Խորքերը լիարժեք բացահայտված չեն նույնիսկ այն  դեպքում, երբ թումանյանագետներ Արամ Ինճիկյան, Էդվարդ Ջարբաշյան, Հրանտ Թամրազյան, Մկրտիչ Մկրյան,  Լևոն Հախվերդյան,  Հրանտ Մաթևոսյան  ունենք: Լևոն Շանթն ասում էր, թե  գրական երկը նման է նեղ բերանով ու երկարուկ վզով, տարողունակ անոթի, մարդը կարող է իր ձեռքը մտցնել և այնտեղից վերցնել այնքան, ինչքան իր ձեռքի երկարությունն ու բռան տարողությունը  թույլ կտա: Մենք էլ Թումանյանից վերցնում ենք այնքան, որքան կարող ենք. ինչքան վերցնում ենք, այնքան շատ է մնում նա»,- տասնամյակներ շարունակ Թումանյանին բացահայտող Սամվել Մուրադյանի խոստավանությունն է:

Ստեփան Զորյանն ասել է. «Թումանյանը հայոց Պուշկինն է»:  Պուշկինին Թումանյանն  անվանում էր ռուս գրականության արև՝ մինչդեռ ինքն էլ հայ գրականության արևն էր: «Արևի նման նայեք աշխարհին»,- ասել է Թումանյանը և հանճարեղ է ասել:

«Խմբագրված» Թումանյան

Գրականագետ Սամվել Մուրադյանը մի շարք օրինակներ է բերում, որոնք փաստում են՝ տասնամյակներ շարունակ հայ գրականագետները փորձել են Թումանյանին հեռու պահել հեղափոխական ու կուսակցական թեմաներից, որպեսզի նրա հեղինակությունը չվտանգվի: 

Երկու դարի արանքում,

Երկու քարի արանքում

Հոգնել եմ նոր ընկերի

Ու հին ցարի արանքում:

Թումանյանը գրել է  «հին ցարի արանքում», մինչդեռ մի քանի սերունդ այս քառյակի վերջին տողում «ցարի» փոխարեն կարդացել ու արտասանել է «ցավի արանքում»:

«Լևոն Հախվերդյան թումանյանապաշտը  «Հայ դասականների մատենաշարում» տպագրել է «ցավի արանքում», աղավաղել է Թումանյանի գրածը: Մինչդեռ Թումանյանն այս քառյակում «նոր ընկեր» ասելով՝ նկատի է ունեցել բոլշևիկներին, իսկ  «հին ցար» ասելով՝ նկատի է ունեցել Նիկոլայ ցարին»,- մեկնաբանում է Սամվել Մուրադյանը:

 Նա բերում է հաջորդ օրինակը՝ Թումանյանի «Անբուն կկուն», որը  նա գրել է 1922 թվականին: Նկարագրում է, որ  Աղվեսը հավար է գցում, թե  հեղափոխություն է իրականացնում, Կկվին էլ ասում է՝ գնա, դու էլ հավար գցիր:  Սամվել Մուրադյանն առակը մեկնաբանում է. «Կկուն էլ  մենք էինք, չէ՞ որ առաջին հեղափոխականները մենք էինք ու առաջին հարվածներն էլ մեր գլխին եկան: Անբուն կկուն հայ ժողովուրդն է, որ կորցրել է բունը, ձագերին, ամեն ինչ է կորցրել և աշխարհի չար, գիշատիչ տերությունների դեմ-դիմաց միայնակ է մնացել: Հեղափոխությունն իրականացրել է աղվեսը՝ Լենինը, իսկ Գայլն առակում  Նիկոլայ Ցարն է: Նապաստակ, Ոչխար, Աքլոր, այլ կենդանիներ էլ կան, որոնցից  ամեն մեկը ներկայացնում է հեղափոխական որևէ գործչի: Ինչի՞ց ենք ենթադրում, որ աղվեսը հենց Լենինն է, որովհետև Թումանյանն ասում է՝ Աղվեսը կանգնեց Իշի մեջքին, բռնեց լապտերի սյունից ու ասաց իր հռչակավոր ճառը. «Ընկերներ, մենք պետք է հաստատենք   հեղափոխական նոր կարգը. մա՛հ Գիլին և Գիլի կուսակիցներին». Թումանյանն ակնարկում է Հոկտեմբերյան հեղափոխությունը»:

Գլավլիտի «պեչատի» սպառնալիքը

Սամվել Մուրադյանը 1972 թվականին«Բանբեր Երևանի համալսարանի»  հանդեսում   «Անբուն կկվի» հրատարակմանն  է ականատես  եղել: Պատմում է, որ Էդվար Ջրբաշյանը գլխավոր խմբագիրն էր, Արամ Ինճիկյանը տեքստը պատրաստել է տպագրության: «Գլավլիտի» աշխատողները գլխի են ընկել, որ Թումանյանը Հոկտեմբերյան հեղափոխությունն է քննադատել: «Գլավլիտի» աշխատողն ասել է. «Տղա ջան, այ տե՛ս, պեչատը դնում եմ մամուլի վրա, խոստովանիր, որ այդ  աղվեսը Լենինն է, էշն այն զրահագնացքն է, որ կանգնած էր Ֆինլանդիայի Ռազլիվ կայարանում, աղվեսի  ասած հռչակավոր ճառն էլ նրա ապրիլյան թեզիսներն են: Այ տես, կնիքը, խոստովանիր, դնեմ»: Ես  հասկացա, որ սա  ծուղակ է, եթե միամտաբար խոստովանեի,  այդ  ստեղծագործությունն այն ժամանակներում երբեք չէր տպագրվի: Ջրբաշյանն ու Ինճիկյանը համաձայնեցին որոշ կրճատումներ անել, որպեսզի կարողանան ստեղծագործությունը փրկել», -հիշում է Սամվել Մուրադյանը:

Թումանյանի ցավն ու զգուշացումներն՝ այլաբանորեն

«Անբուն կկուն» ստեղծագործության բնագիրն անգամ Թումանյանի թանգարարանի ձեռագրերից ոչնչացվել է՝ վախենալով, թե այն կարող է վնաս հասցնել Թումանյանի հեղինակությանը:Իր հայրենիքում  Թումանյանը հանկարծ կդառնար արգելված հեղինակ: Բայց բանաստեղծի դուստրը՝ Աշխեն Թումանյանը, սև մեծ տետրակում  այդ գործը, բարեբախտաբար, արտագրել է, և այն պահպանվել է՝ որպես բնագիր:

Թումանյանը«Անբուն կկուն» ստեղծագործության մեջ գրել է, որ երբ աղվեսը խոսում էր ժողովուրդների բարեկամության անունից, կենդանիներն սկսեցին համբուրվել՝ շունը կատվի հետ, կատուն մկան հետ, աղվեսն աքլորի հետ: Եվ համբուրվելիս մեկի գլուխը  մնաց մեկելի բերանում: «Թումանյանը այլաբանորեն հասկացրել է այն իրողությունը, որ ժողովուրդների բարեկամության սուտ քարոզների տակ մեր երկրի գլուխ Արցախը մնում է Ադրբեջանի բերանում, մեր հայրենիք Արևմտյան Հայաստանը մնացել է Թուքիայի բերանում»,- Թումանյանի միտքը պարզաբանում է գրականագետը:

Էդպես էլ մենք ժողովուրդ չդառանք, մնացինք խալխ

Թումանյանին շատ են նեղացրել ու ցավեցրել: Հոգեկան դառը պահերին նա ասել է՝«Էդպես էլ մենք ժողովուրդ չդառանք, մնացինք խալխ»:

Իր որդուն՝ Արտավազդին, Թումանյանն ուղարկեց ռազմաճակատ. Արտիկը  զոհվեց 1918 թվականին, Վանում, քրդերի դեմ կռվելիս: Արտիկի մահվանը հայրըչէրհավատում:  Լուրը նրան հաղորդել  է  իր ռուս ընկեր, գրող Սերգեյ Գորոդեցկին, որովհետև ուրիշ  ոչ ոք չէր համարձակվել այդ բոթը հայտնել նրան: Նվարդն իր հուշերում գրել է, թե հայրիկը  տան դուռը բաց էր թողնում:«Գուցե Արտիկս տուն գա»,- ասել է:

Բանաստեղծն իր երկու դուստրեիի հետ 1915 թվականի ամռանը Էջմիածնում զբաղվել է արևմտահայ գաղթականների ու որբերի խնամքով: Այդ տարիներին է, որ Վահան Տերյանը Պետերբուրգից եկել է Երևան, որպեսզի  չափահաս, գրագետ  որբերից եղեռնի մասին հիշողություններ գրառի: Ռոստովից եկել է Մարտիրոս Սարյանն ու միացել  Թումանյանին, նրա հետ խնամել որբերին: Բայց Թումանյանը Սարյանի մեջ հոգեկան խանգարման նշաններ է նկատել  ու նրան ասել՝  թող գնա տուն, եթե շարունակես մնալ այստեղ, մենք կկորցնենք մեծ նկարչի: Այդ օրերն էին պատճառը, որ  ամենայն հայոց բանաստեղծի  մահն արագացավ: 53 տարեկանում նա զառամյալ ծերունու արտաքին, քայքայված առողջություն, մարմին ու հոգի ուներ:

Դեռ լավ է, որ Թումանյանն ավելի դժնդակ օրերը չտեսավ: 1937 թվականին նրա երեք որդիներին գնդակահարեցեին, որպեսզի թումանյանական տոհմն արու սերունդ, շարունակող չունենա:

Ու չնայած թումանյանական  ազգանունը չշարունակվեց, բայց ի հեճուկս դառը ճակատագրի՝ արդեն 151 տարի մեր ամեն ինչում Թումանյան կա:

Նաիր Յան

Մանրամասենրը՝ տեսանյութում.