Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Ազգային ժողովում ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի այն հայտարարությանը, թե ընդդիմությունն իր ներկայացրած տարբերակում այնպիսի սուբյեկտիվ ներմուծումներ է փորձում անել, որ հնարավորություն լինի հետո ընտրությունների արդյունքը վարկաբեկել, հարցրել է.
«Մինչև հիմա Հայաստանում տեղի ունեցած բոլոր անճոռնի ու այլանդակ ընտրությունները հետևանք են այն բանի, որ կազմակերպիչները, այսինքն` իշխանությունները ոչ թե վատ են անցկացրել ընտրությունները, այլ որովհետև ընտրական օրենսգրքում եղել են կետեր, որոնք թույլ են տվել սուբյեկտիվ կերպով հետո վարկաբեկե՞լ այդ ընտրությունների արդյունքները, իսկ ընտրությունները եղել են մաքուր, զուլալ ու արդա՞ր»:
Ի պատասխան Վահան Հովհաննիսյանի հարցին` նախարարն ասել է. «Ես հիմա չեմ հիշում տրամաբանության մեջ ինչպես է դա կոչվում` սիլոգիզմ, եթե չեմ սխալվում, որի էությունը հետևյալն է, որ եթե անձրև է գալիս, ապա գետինը թաց է լինում, բայց եթե գետինը թաց է, դա դեռ չի նշանակում, որ անձրև էր գալիս: Թերևս սա է իմ` Ձեր հարցի պատասխանը»:
Վ. Հովհաննիսյանը, հակադարձելով նախարարին, ասել է, որ իզուր է կարծում, թե սիլոգիզմի իմաստը միայն ինքն է դահլիճում հասկանում, և հավելել է, որ Լեհաստանում կոմունիստներին իշխանությունից զրկելուց հետո ներկայիս Եվրախորհրդարանի նախագահն իր թիմակիցների հետ ևս երկմտանքի առաջ էր կանգնած` անե՞լ իսկական ռեֆորմներ, թե՞ ոչ:
«Նրանք հանգեցին այն եզրակացության, որ իսկական ռեֆորմը դա այն բարեփոխումն է, որի արդյունքում կորցնում ես իշխանությունը: Եթե փորձում ես անել բարեփոխում այնպես, որ դու, միևնույն ժամանակ, բոլոր պարագաներում մնաս իշխանություն, այդ բարեփոխումը բարեփոխում չէ»,- բացատրել է Վահան Հովհաննիսյանը` ավելացնելով, որ, այնուամենայնիվ, բարեփոխումն իրականացվեց, Լեհաստանն էլ նորմալ ժողովրդավար երկիր դարձավ, բայց բարեփոխումներ իրականացրած ուժերը կորցրին իշխանությունը և «գնացին տուն»:
Ելույթի ավարտին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ըստ երևույթին, անհանգստացած «տուն գնալու» ձևակերպումից, արձագանքեց Վահան Հովհաննիսյանի ելույթին`ասելով. «Ձեզ ռեֆորմը պետք չէ, պարոն Հովհաննիսյան, ձեզ պետք է, որ մենք իշխանությունը կորցնենք»:
«Անկեղծ ասած՝ այո՛, ինձ պետք է, որ դուք իշխանությունը կորցնեք: Ես դա երբեք չեմ էլ թաքցրել: Իսկ դուք այդ ինչո՞վ եք այդ արժանիքները վաստակել, որ անընդհատ իշխանություն մնաք: Ժողովրդի վիճա՞կն է ձեզ տալիս այդ հնարավորությունը»,- պատասխանեց Վահան Հովհաննիսյանը: