կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-20 01:00
Հասարակություն

Դրական տեղաշարժեր կան, բայց կտրուկ փոփոխություններ են պետք

Դրական տեղաշարժեր կան, բայց կտրուկ փոփոխություններ են պետք

Վերջին տարիներին գիտության զարգացման ուղղությամբ բազմաթիվ քայլեր են կատարվել. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը:

«Ես դրական եմ գնահատում Գիտության կոմիտեի ստեղծումը, որը տարբեր միությունների հետ կապեր է հաստատում` ֆինանսավորում գտնելու նպատակով, եւ անհատ գիտնականների ուսերին դրված խնդիրներն այժմ պետական աջակցություն են ստանում»,- նշեց նա:

Ըստ Ա. Սաղաթելյանի` դրական միտումներ են նկատվում նաեւ ՀՀ ԳԱԱ-ում, որտեղ, կարծես, փորձում են ժողովրդավարություն հաստատել. «Այսուհետ ակադեմիայի պրեզիդենտի ընտրության ձայնի իրավունք են ձեռք բերել նաեւ ակադեմիական ինստիտուտների տնօրենները»:

Իսկ Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանի կարծիքով` դրական տեղաշարժեր, անշուշտ, կան, բայց դրանք բավարար չեն, որ կտրուկ փոփոխություններ լինեն:

«Եթե չենք ցանկանում, որ Հայաստանում գիտության զարգացման տեմպերը զիջեն միջազգային զարգացումներին, ապա պետք է կտրուկ փոփոխություններ անել, որպեսզի հետ չմնանք աշխարհից: Իսկ այսօր մենք բավական հետ ենք. Հայաստանն աստիճանաբար մրցակցությունից դուրս է գալիս: Լինելով մտքի ազգ` մենք չենք օգտագործում այդ առավելությունը»,- նշեց նա:

Աստղաֆիզիկոսի խոսքերով` առաջընթացի հասնելու համար, օրինակ, զարգացած ԱՄՆ-ում մեծահարուստները զգալի ներդրումներ են անում գիտության ոլորտում, իսկ մեզ մոտ ներդրումներ արվում են միայն այն ժամանակ, երբ լինում է իշխանությունների համաձայնությունն ու հովանավորությունը: