Փոխարժեքներ
02 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 420.51 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.95 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
Այսօր Իսրայելի խորհրդարանը` Կնեսետը, միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը խորհրդարանի կրթության հանձնաժողովի քննարկմանը փոխանցելու` «Մերեց» կուսակցության պատգամավոր Զահավայի առաջարկին. տեղեկացնում է ՀՅԴ Հայ Դատի Երուսաղեմի հանձնախումբը:
Հանձնախմբի ներկայացուցիչ Հակոբ Սեւանի գնահատմամբ` այս որոշումը դրական տեղաշարժ է։
Նախկինում խորհրդարանը որոշել էր հարցը քննարկել պաշտպանության եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որն իր նիստերը գումարում է դռնփակ: Մտահոգությունն այն էր, որ, նման պայմաններում հարցը քննարկման դնելով, հանձնաժողովը կարող է խորհրդարանին բացասական կարծիք տալ Ցեղասպանության ճանաչման կապակցությամբ:
Այսօր ավելի քան կես ժամ տևած քննարկման ժամանակ արտաքին գործերի նախարարության տեսակետը փոխանցել է կրոնի նախարարը` հայտնելով, թե, ըստ ԱԳՆ-ի, հարցը պետք է քննել պաշտպանության եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, եւ Իսրայելը պետք է աջակցի Հայաստան-Թուրքիա երկխոսությանը։
Միաժամանակ, նախարարը հայտնել է իր անձնական տեսակետը, որ ժամանակն է այս հարցի մասին հստակ որոշում կայացնել եւ այդ նպատակով հարցը փոխանցել կրթության հանձնաժողովին։
Բոլոր ելույթ ունեցողները, ներառյալ՝ խորհրդարանի նախագահը, կողմ են արտահայտվել առաջարկին։ Նրանք շեշտել են, որ Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերությունները չպետք է պատճառ դառնան, որ Իսրայելը չճանաչի պատմական իրողությունը: