կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-10 18:37
Հասարակություն

Ծննդատանը ամուսնու կողմից հրազենային վիրավորում ստացած կնոջ մոտ դրական տեղաշարժ կա. ԱՆ

   Ծննդատանը ամուսնու կողմից հրազենային վիրավորում ստացած  կնոջ մոտ դրական տեղաշարժ կա. ԱՆ

Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում հունիսի 30-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած 27-ամյա կնոջ առողջական վիճակում  առկա է դրական շարժընթաց: Գիտակցությունը պահպանված է, հեմոդինամիկ բոլոր ցուցանիշները դրական են,  հավասարակշռված պատասխանում է  բժիշկների հարցերին, զգալի  նվազել է այտուցվածությունը:

Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

 Կինը դեռևս գտնվում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում` բնական շնչառության պայմաններում:  Կյանքին սպառնացող վտանգները հաղթահարված են:

Կնոջ` կեսարյան հատման ճանապարհով լույս աշխարհ եկած երեխայի առողջական վիճակում նույնպես առկա է դրական տեղաշարժ:  Նորածինը շնչում է  առանց արհեստական շնչառության սարքի օգնության: Ստանում է արհեստական սնունդ:  Բոլոր ցուցանիշները նորմի սահմաններում են:

Բժշկական անձնակազմի համատեղ աշխատանքի շնորհիվ իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները` մոր և նորածնի առողջական վիճակը բարելավելու ուղղությամբ:  Մասնագետները նրանց առողջական վիճակի մասին ամեն օր զեկուցում են ՀՀ առողջապահության նախարարին: