կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-07 23:25
Առանց Կատեգորիա

Պայքարը հայի մեջ չի մեռել

Պայքարը հայի մեջ չի մեռել

«Երկիր»-ի հարցազրույցը ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

 - Պարո'ն Կարապետյան, մի քանի օրից Արցախում նշում են Հաղթանակի օրը: Ձեզ համար` որպես ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար, ինչ խորհուրդ ունի այդ օրը:

 - Այս հաղթանակը մեծ հաղթանակ է, մեր հաղթանակների փուլերից մեկը: Ես կասեի՝ մեր զարգացման գագաթնակետը: Իհարկե, ժամանակին մենք այլ կերպ էինք պատկերացնում այս օրը, շատ ոգեւորված էինք, բայց կյանքն ունի իր օրենքները, որոնք ոչ մեկը ամբողջությամբ չի կարողացել հաղթահարել: Դրա համար այսօր այս վիճակում ենք: Ես չէի ասի, որ սա նորմալ վիճակ է, բայց բնական է: Ժամանակին յուրաքանչյուրս իր հոգու խորքում ինչ-որ բան էր մտածում ու պատկերացնում, սակայն ոչ բոլորն են իրականություն դարձել: Եթե յուրաքանչյուրս հասած լինեինք մեր նպատակին, հասարակությունն էլ այլ կլիներ: Դրանում նաեւ մեծ դեր կարող էին ունենալ իշխանությունները՝ որպես հասարակական կյանքի կազմակերպողներ:

- Իսկ ի՞նչ պետք է անեին, որ չեն արել, եւ ի՞նչ պետք է անեն:

 - Պետք է վերականգնեն ժողովրդի կողմնորոշիչը եւ ազգային գաղափարախոսության վրա ուշադրություն դարձնեն: Ամենակարեւոր հանգամանքներից մեկն էլ այն է, որ իշխանությունն իր սեփական օրինակով պետք է ժողովրդին որպես կողմնորոշիչ ծառայի: Եթե մարդ մի բան ասում է, բայց այլ կերպ ապրում, ինչ ուզում ես արա՝ նրա երեխան էլ է այդպես դաստիարակվում: Ինչքան երեխային ուզում ես լավ բան սովորեցնել, եթե նույնը չես անում, նա սկսում է մտածել՝ եթե լավ բան լիներ, հայրս կաներ: Նույն էլ իշխանությունն է. եթե մի բան ասում է, բայց այդպես չի անում, նշանակում է ինքը սուտ է ասում: Ավելի ճիշտ՝ գաղափարն է սուտ դարձնում, ու մարդիկ սկսում են չհավատալ նրան:

- Վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հաճախակի են դարձել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները, որոնց հետեւանքով նաեւ ղարաբաղյան կողմը զոհեր է ունեցել: Ի՞նչ եք կարծում, ղարաբաղյան կողմը պե՞տք է համարժեք պատասխան տա հակառակորդին:

 - Համարում եմ, որ հակառակորդին պետք է ցույց տալ, որ ուժեղ ես, բայց ուժը ո'չ տանկով է, ո'չ էլ «Սմերչ»-ով: Ուժը գաղափարի մեջ է՝ հայտնագործություն չեմ անում, դա հայտնի է: Ասորիները գնացել են Երուսաղեմը գրավելու՝ չեն կարողացել: Մտածել են՝ ինչ անեն եւ որոշել են ինչքան անբարոյական կա իրենց մոտ` ուղարկել Երուսաղեմ: 7 տարի հետո գնացել են Երուսաղեմը հենց այնպես գրավել: Ամբողջ հարցն այն է, որ հասարակությունը պետք է հոգեւոր եւ բարոյական առումով ուժեղ լինի, այդ դեպքում այսպիսի խաղեր մեզ հետ չեն կարող խաղալ ո'չ աշխարհը, ո'չ թուրքերը: Հռոմեացի բանաստեղծներից մեկը մինչեւ Հռոմեական կայսրության քանդվելը գրել է՝ զինվորներից սարսափելի մեզ վրա հարձակվել է ճոխությունը:

 - Փաստն այն է, որ առաջին գծում պատերազմը շարունակվում է, ի՞նչ եք կարծում, ղարաբաղցիները պատրա՞ստ են լռեցնելու եւ հակահարված տալու:

 - Երկու դիպուկահար էլ ավելացնես այս կողմում եւ սկսես կրակել՝ դա հարցի լուծում չէ, այլ ընդամենը խաղ: Հարցը արմատապես պետք է լուծվի, իսկ դրա համար բարոյապես պետք է ուժեղ լինել: Տեխնիկական առումով մենք հնարավորություն ունենք շատ բան այլ կերպ անել՝ բանակի կառուցվածքը փոխել թե՛ մարդկային ռեսուրսի, թե՛ տեխնիկայի, թե՛ տեղանքի առումով: Տեխնիկական շատ հնարավորություններ կան աշխարհում, որ կարելի է օգտագործել այստեղ: Աշխարհում հայտնի զինատեսակներից հնարավոր է նաեւ այստեղ արտադրել, ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, միայն թե պետությունը տեր կանգնի: Դա առանց պետության անհնարին է: Աշխարհում հիմա մի քանի հարյուր հոգով են կռվում՝ շատ մարդկային ռեսուրս պետք չէ, իսկ Հայաստանի դեպքում, կարծում եմ, մեր զինվորները պետք է սովորեն առանց շփման գծի կռվել:

 - Ղարաբաղյան պատերազմը մեր տղաների մասնակցությամբ ապացուցեց, որ հայը կարող է պայքարել ու հաղթանակ տանել, ավելին՝ ազատագրել պատմական հողերը: Այսուհետ եւս կարո՞ղ է պայքարել ու հաղթել:

- Այո, երբ հայերը պայքարել են, հաղթել են, իսկ երբ պարտվել են՝ նշանակում է, որ չեն պայքարել: Պետք եղած դեպքում հիմա էլ կպայքարի ու կհաղթի: Հարցն ուղղակի այն է, որ նորմալ պատրաստվենք՝ քիչ կորուստներ կունենանք, չպատրաստվենք՝ կորուստները շատ կլինեն, բայց հաղթանակը, միեւնույն է, մերը կլինի, քանի որ պայքարը հայի մեջ չի մեռել:

 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ