կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-25 10:59
Մշակույթ

Ճաշակը չի մեռել

Ճաշակը չի մեռել

Վերջին օրերին սոցցանցերում ու լրատվամիջոցներում քննարկման առարկա է դարձել «Հայրիկ» կինոնկարում հնչող` Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր հայրենի» երգի տեքստի կամ երգի համար հիմք դարձած բանաստեղծության հեղինակային պատկանելության հարցը: Մարդկանց մի խումբ պնդում է, որ տեքստի հեղինակը ոչ թե կոմպոզիտորն է, ինչպես որ այսօր հիշատակվում է, այլ գրող Աղասի Այվազյանը: Գործին խառնվել են ամեն տեսակ պրոֆեսիոնալներ, ակտիվ դերակատարությամբ հանդես է գալիս նաև ինքը` Ռ. Ամիրխանյանը: Նա անվերապահ հերքում է Ա. Այվազյանի հեղինակային իրավունքը` հայտարարելով, որ տեքստի հեղինակն ինքն է: Միայն: Այվազյանական «կողմը», բնականաբար, մեջտեղ է բերում իր փաստարկները: Եվ թվում է` վիրտուալ դաշտում հերթական անպտուղ բանավեճն է բորբոքվել, մանավանդ, որ երկու կողմն էլ հարյուր տոկոսով «աշխատող» փաստարկներ չունեն:

 

Եվ մինչ քաղքենին ուրախանում է այլոց կռվով վերստին զվարճանալու` այս հանկարծահաս առիթով, մտավոր շրջանակները հերթական տհաճությունն են ապրում, որովհետև շատերի համար է ակնհայտ, որ, անկախ երգի խոսքերի հեղինակային պատկանելությունից, այս անպատշաճ բանավեճով անբացատրելի ստվեր է նետվում նաև հիրավի անկրկնելի ու գեղեցիկ տեքստի վրա: Որպես իսկապես հրաշալի, մաքուր պոետական գոյություն` մարդկանց գիտակցության մեջ և ընկալումներում այդ տեքստն ակամա իր վրա է վերցնում հեղինակային կռվի այս «կեղտից» մի մաս, և ինքն էլ մի քիչ … կեղտոտվում:

 

Ահա այսքանից հետո տարօրինակ կարող է թվալ, բայց տողերս գրողն այն մարդկանց շարքում է, ովքեր, տհաճություն ապրելով, նաև ուրախ են հանկարծ բորբոքված այս բանավեճի համար: Ավելի ստույգ` բանավեճի առարկայի համար: Մեկ էլ այդ ե՞րբ է եղել, որ հանրությունն այսպես գնահատել սկսի պոեզիան, ե՞րբ է եղել, որ մանավանդ երգի տեքստն արժևոր դառնա այն չափ, որ դրա համար մինչմահու և հետմահու այսպես անզիջում կռիվ տան երկու արվեստագետներ: Եվ եթե նրանք կռիվ են տալիս, իսկ հանրությունը բաժանվում է երկու բանակի, ուրեմն մարդկանց մեջ դեռ չի մեռել կատարյալ երգի և, մանավանդ, իբրև երգ հնչող կատարյալ բանաստեղծության հանդեպ ակնածանքն ու կարոտը: Չէ՞ որ ակնհայտ է, Թաթուլի (թե՞ Սպիտակցի Հայկոյի, թե՞` ում) «Իմ ախպերը» երգի բառերի համար ոչ ոք այսպես չի մարտնչի: Ոչ ոք կռիվ չի տա զանազան վահրամպետրոսյանների, ավետբարսեղյանների, անիտազախարյանների «պոետական» արտադրությունների համար: Ուրեմն` ճաշակը չի մեռել:

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ