կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-06 22:31
Առանց Կատեգորիա

ԱԶԳ. Ադրբեջանցիները փոխում են "պատմությունը"

ԱԶԳ. Ադրբեջանցիները փոխում են "պատմությունը"

«Ադրբեջանի հանրակրթական ուսումնական հաստատությունների պատմության դասագրքերում պետք է փոփոխություններ արվեն»,-  ասել է Իլհամ Ալիեւի աշխատակազմի քաղաքական վերլուծությունների եւ տեղեկատվական ապահովման բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը:

«Մեզ հարկավոր է Ադրբեջանի պատմությունը եւ ազգային գաղափարը խորապես յուրացրած երիտասարդություն: Մենք պետք է հպարտություն զգանք «ես ադրբեջանցի եմ» ասելիս եւ այդ զգացմունքը փոխանցենք ուրիշներին մեր մտավոր ներուժի, ունակությունների եւ ստեղծագործության միջոցով»,- շարունակել է նա:

Իսկ ի՞նչ նպատակով է դա կանխածրագրվում: Ըստ Էլնուր Ասլանովի` «Ադրբեջանը, դառնալով տարածաշրջանի տնտեսական լիդեր, պետք է գլխավորող դիրքեր զբաղեցնի նաեւ մարդկային ներուժի առումով»: Այն էլ` «ոչ միայն տարածաշրջանում, այլեւ աշխարհում»:

Եթե այդպես դատեր մի ոմն Խալիլ Ռզա, ապա հնարավոր կլիներ հուսալ, որ «ցնդած բանաստեղծն» ընդամենը երազում է: Բայց սա, պարզվում է, «Ադրբեջանի երիտասարդությունը 2011-15թթ.» պետական ծրագրի սեղմագիրն է:

Ծրագիր, որի հիմնական ուղղությունները «պետության ղեկավարին երկամսյա ժամկետում ներկայացնելու» մասին համապատասխան գերատեսչություններին կարգադրություն է իջեցրել Իլհամ Ալիեւը: Սեփական պատմությունը եւս մեկ անգամ «ճշտելուն» դեռ կարելի է համակերպվել: Թեեւ պետք է վստահ լինել, որ այդ «ճշտումը» կատարվելու է հարեւան ժողովուրդների` վրացիների, պարսիկների, լեզգիների, հայերի եւ այլոց հաշվին: Դա նորություն չէ:

Ադրբեջանական «պատմագիտության» ակունքները պղտոր են ի սկզբանե: Առավել վտանգավորն այն է, որ, ըստ Էլնուր Ասլանովի, Ադրբեջանը ծրագիր է մշակում եւ կյանքի է կոչելու, որպեսզի «մտավոր ներուժի, ունակությունների եւ ստեղծագործության միջոցով ուրիշներին եւս փոխանցի «ես ադրբեջանցի եմ» հպարտությունը»: Այսինքն, տարածաշրջանի, իսկ հեռանկարում` նաեւ աշխարհի ժողովուրդները պետք է «հպարտությամբ զգաստ կանգնեն եւ բացականչեն». «Ես ադրբեջանցի եմ»: Եվ դա պետք է «տեղի ունենա», քանի որ «Ադրբեջանը դարձել է տարածաշրջանի տնտեսական լիդերը»: Ի՞նչ է սա, եթե ոչ ակնհայտ ֆաշիզմ: Կամ, ավելի մեղմ ասած, քսենոֆոբիա` ատելություն այլոց հանդեպ եւ սեփական «բացառիկության» պաշտամունքի արմատավորում երիտասարդության շրջանում: Այն էլ` պետական-նպատակային ծրագրով:

Պատկերացնո՞ւմ եք, որ հազարամյակների մշակութային եւ ավանդութային ու գիտական, նոր ժամանակների տնտեսական եւ զուտ ժողովրդագրական ներուժով նման մի ծրագիր ընդունի Չինաստանը, երկիր, որ ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ողջ աշխարհում առաջնակարգ դիրքեր ունի: Եվ «ես չինացի եմ» հպարտությունն այդ բոլոր հնարավորություններով «փոխանցի նաեւ ուրիշներին` տարածաշրջանում եւ աշխարհում»: Կամ` Ճապոնիան: Կամ` Ռուսաստանը, Միացյալ Նահանգները: Հնդկաստանը: Կամ էլ «ես արաբ եմ» հպարտությամբ միավորվի ողջ արաբական աշխարհն ու այդ հպարտությունը «փոխանցի հրեաներին»:

Թվարկած բոլոր երկրներն, այնինչ, սեփական ազգային հպարտությունը, պատմությունը, մշակույթն ու ավանդույթները փայփայում են բացառապես իրենց ազգային պետության սահմաններում: Եվ դրանից դուրս` հարգում այլոց` իրենց «ԵՍ»-ով հպարտանալու, իրենց պատմությունն ու մշակույթը գուրգուրելու իրավունքը: Քանի որ համակեցության աղբյուրն այլոց հանդեպ հանդուրժողականությունն է, բայց երբեք` մեկի ազգային հպարտությունը մյուսին պարտադրելը: Ադրբեջանում, սակայն, որեւէ օրինաչափություն օրինաչափություն չէ, եթե Իլհամ Ալիեւի «ամենագետ մտքով» չի հաստատվում:

Իսկ այդ «միտքը» վերջերս հանգել է նրան, որ «թուրքական միասնական աշխարհի տրոհումը 20-րդ դարի մեծագույն անարդարությունն է»: Եվ որոշել է «վերականգնել պատմական արդարությունը»` ամբողջ տարածաշրջանին «փոխանցելով «ես ադրբեջանցի եմ»,- պետք է հասկանալ` «ես թուրք եմ», քանի որ նման կարգախոսով է առաջնորդվում ավագ եղբայր Թուրքիան,- հպարտությունը»: Իսկ տարածաշրջանի ժողովուրդներին «թուրքացնելուց հետո» նա մտադիր է «ինտելեկտուալ առաջնակարգ դիրքեր գրավել» արդեն ամբողջ աշխարհում: Ճիշտ է ասում Թուրքիայի նախագահ Գյուլը, երբ ակնարկում է, թե մոտ ժամանակներս Թուրքիան ինքը չի ցանկանա դառնալ Եվրոմիության անդամ: Ինչո՞ւ պիտի ցանկանա, եթե Իլհամ Ալիեւն «ամբողջ աշխարհը թուրքացնելու» պետական-նպատակային ծրագիր է մշակում: Երեւի` Թուրքիայի հուշարարությամբ:

Իսկ «միամիտ» եվրոպացիները փորձում են համոզել, որ «պանթուրքիզմ չկա»: Հավանաբար դրանով միայն իրենց են աշխատում հանգստացնել: