կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-30 22:21
Առանց Կատեգորիա

ԿԱՊԻՏԱԼ. Գազի թանկացումը կարող է իրականություն դառնալ

ԿԱՊԻՏԱԼ. Գազի թանկացումը կարող է իրականություն դառնալ

Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնի շուրջ անցած տարվա վերջից պահպանվող ինտրիգը տրամաբանական հանգուցալուծումը կստանա առաջիկա օրերի ընթացքում։ «Գազպրոմում» ասում են, որ կողմերը գրեթե ավարտել են գործող պայմանագրի լրացումը, որով և ամրագրվելու է Հայաստան առաքվող գազի նոր գինը։ Բանակցություններին մոտ կանգնած աղբյուրներն էլ ասում են, որ Հայաստանին գազն առաքվելու է ավելի բարձր գներով։

Մայիսի 1-ին լրանում է Հայաստան մատակարարվող գազի նոր գնի շուրջ ընթացող «Գազպրում»-«ՀայՌուսգազարդ» բանակցությունների վերջնաժամկետը, և երեկ «Գազպրոմի» մամուլի ծառայությունից «Կապիտալին» ասացին, որ կողմերն արդեն գրեթե ավարտել են գործող պայմանագրի լրացումը, որով և ամրագրվելու է Հայաստան առաքվող գազի նոր գինը։

«Գազպրոմէքսպորտի» և «ՀայՌուսգազարդի» միջև 2008թ. հուլիսի 2-ին ստորագրված պայմանագրի համաձայն՝ յուրաքանչյուր տարի կողմերը պատրաստում և ստորագրում են պայմանագրի լրացումը, որին և ամրագրվում է տվյալ տարվա գազի գինը»,- ասացին ընկերությունում՝ հավելելով, թե Հայաստան մատակարարվող գազի գնի նոր պայմանագիրը կստորագրվի առաջիկա օրերին։

Բանակցային գործընթացին մոտ կանգնած «Կապիտալի» աղբյուրը նշեց, որ նոր պայմանագրով «Գազպրոմը» բարձրացնելու է Հայաստանի գազի գինը, այնպես, ինչպես դա արեց մյուս երկրների, մասնավորապես՝ Բելառուսի, Մոլդովայի, եվրոպական մի շարք երկրների համար։ Միևնույն ժամանակ, աղբյուրը հայտնեց, որ Հայաստանի համար գազի թանկացումը թռիչքաձև չի լինի։ Ըստ աղբյուրի՝ Հայաստանի համար գազի գինը որոշվում է 2008թ. պայմանագրում ամրագրված բանաձևով, և գազի գնի հաշվարկման բանաձևի հիմքում դրված են համապատասխան գործակիցներ և վերջին ինը ամսվա ընթացքում նավթամթերքի ու գազի միջին եվրոպական գները։

Աղբյուրն ասաց, որ Հայաստանի համար գազի գնի բարձրացման վրա ազդեցություն կունենա համաշխարհային էներգետիկ կոնյունկտուրան, մասնավորապես՝ նավթի բարձր գինը։

Նշենք, որ մյուս կողմից՝ «Գազպրոմը» Հայաստան առաքվող գազի գնի որոշման ժամանակ հաշվի է առել, որ 2010թ. Հայաստանի համար ռուսական գազի գնի մոտ 17% բարձրացման պայմաններում բնակչության համար գազի գինը բարձրացավ 37,5%-ով, իսկ ընկերությունների համար՝ 13%-ով, ինչի արդյունքում 11,6%-ով կրճատվել են «Գազպրոմից» ձեռք բերվող գազի ծավալները։ Ընկերությունը հաշվի է առել նաև իր նախորդ հայտարարությունները և մյուս գործընկեր երկրների համար առաքվող գազի գնի գործոնը։

Մասնավորապես ՝ «Գազպրոմի» վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Ալեքսեյ Միլլերն այս տարվա հունվարին գերմանական Spiegel ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ ապրիլի 1-ից Հայաստանն անցնելու է գազի շուկայական գնի: «Գազպրոմը» պայմանագիր ունի նաև Բելառուսի և Մոլդովայի հետ, որոնց համաձայն՝ 2011-ից պետք է անցում կատարվի շուկայական գնագոյացման՝ եվրոպական գների: Հայաստանի համար գազի գնի որոշման դեպքում ընկերությունը չէր կարող հաշվի չառնել այդ երկրներ առաքվող գազի գինը։

Այսպես՝ այս տարի արդեն հայտարարվեց, որ «Գազպրոմը» Բելառուսին 1000 խմ գազը վաճառելու է տարեկան միջինը $230-ով (աճը՝ 25%), Ուկրաինային՝ $280-290-ով (աճը՝ 10%), Մոլդովայի համար «Գազպրոմի» առաքած գազի գինը կլինի $293/1000 խմ-ի դիմաց։ Ի դեպ՝ ապրիլի 26-ին «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտարարել էր, որ մտադիր են մինչև ընթացիկ տարվա վերջ Եվրոպա մատակարարվող գազի երկարաժամկետ պայմանագրերի գները բարձրացնել մինչև 500 $/1000 խմ: «Ըստ իս` սա վերջին ռեկորդը չի լինի, որը մենք կսահմանենք ընթացիկ տարում»,- ասել էր Միլլերը։