Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր Երեւանում տեղի են ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի բանակցությունները. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը:
Ողջունելով իր վրացի գործընկերոջը` Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ երկու երկրների միջեւ բարձր մակարդակով կանոնավոր շփումները հնարավորություն են ընձեռում վերահսկելու պայմանավորվածությունների իրականացումը, մշակելու համագործակցության նոր ուղղություններ, եւ այս ամենը երկու հարեւան ու բարեկամ երկրների միջեւ հաստատված ամուր փոխհարաբերությունների վկայությունն են:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Վրաստանի նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ, նաեւ միջազգային եւ տարածաշրջանային մի շարք խնդիրներ:
Երկուստեք կարեւորվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը:
Նախարարներն անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Վրաստանի ԱԳՆ-ների միջեւ անցկացվող խորհրդատվությունների ակտիվացմանը, միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցությանը, հայ-վրացական պետական սահմանի սահմանազատման գործընթացի խնդիրներին:
Բանակցությունների օրակարգում են եղել նաեւ վիրահայությանը հուզող խնդիրները: Այդ առթիվ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ Թբիլիսի իր վերջին այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը քաղաքի Հայկական դրամատիկական թատրոնին վերանորոգման համար միջոցներ հատկացնելու վերաբերյալ արդեն իրականություն է դառնում: