Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը մայիսին Վիեննայում կայացած հանդիպման տրամաբանական շարունակությունն էր, որի ընթացքում կարևոր պայմանավորվածություններ էին ձեռք բերվել:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագահների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Այդ պայմանավորվածությունների համաձայն՝ պետք է պայմաններ ստեղծվեին բանակցային գործընթացը վերսկսելու համար: Վիեննայում եռանախագահող երկրների նախարարների մակարդակով հայտարարություն արվեց, որում արտացոլված էին այն պայմանավորվածություններն ու հանձնառությունները, որ կողմերը վերցրել էին. առաջին հերթին կարգավորում բացառապես խաղաղ ճանապարհով, նաև՝ 94-95 թվականների եռակողմ անժամկետ զինադադարի համաձայնագրերի հարգում: Դրա կարևորության մասին հատուկ շեշտեցին եռանախագահող երկրների նախարարները, ընդգծեցին նաև հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների ստեղծումը, որով կփաստվեն միջադեպերը ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, ինչպես նաև ԵԱՀԿ թիմի կարողությունների ընդլայնման մասին խոսք գնաց»,- նշեց նախարարը:
Նալբանդյանը հիշեցրեց՝ հետո կայացան արտգործնախարարների հանդիպումներ Բրյուսելում և Փարիզում, որտեղ եռանախագահող երկրների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց առաջարկները այստեղ խոսքը հատկապես երկու առաջարկություններին է վերաբերում` հետաքննության մեխանիզմների ստեղծում և ԵԱՀԿ մշտական ներկայացուցչի՝ դիտարկում իրականացնող թիմի ընդլայնում:
«Հայկական կողմն աշխատում է եռանախագահողների հետ այդ երկու առաջարկությունների վրա: Ցավոք, կարող ենք ասել, որ Ադրբեջանը մինչ այսօր այդքան կառուցողական մոտեցում չէր ցուցաբերում այս հարց վերաբերյալ: Իրենք ԵԱՀԿ-ի ֆինանսական ու բյուջետային հանձնաժողովում խոչընդոտեցին մշտական ներկայացուցչի դիտորդական խմբի ընդլայնման ֆինանսավորմանը: Իսկ այսօր հանդիպմանը նախագահների մակարդակով ևս մեկ անգամ վերահաստվեց, որ խումբը պետք է ընդլայնվի, և դրա մասին նշվեց նաև նախագահների համատեղ հայտարարությունում»,- փաստեց ԱԳ նախարարը:
Այդուհանդերձ, խնդիրը մնում է նշված մեխանիզմները կյանքի կոչելու մակարդակում, քանի որ դրանց մասին առաջին անգամ չէր, որ խոսվում էր: Նման մեխանիզմների ստեղծման վերաբերյալ կողմերը պայմանավորվել էին առնվազն երկու անգամ նախագահների մակարդակով դեռ Սոչիում՝ 2011-2012թթ-ին: Արդյունքում կրկին նույն բանն էր պատահել. ամեն անգամ Ադրբեջանը փորձել էր ետքայլ կատարել:
«Բացի այդ, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի միջև այս ժամանակահատվածում ադրբեջանական կողմը տարբեր, չէի ասի, որ կառուցողական, հայտարարություններով է հանդես եկել: Նաև, երեկ և գագաթնաժողովի օրերին Ադրբեջանը լայնածավալ զինավարժություններ է անցկացնում՝ 25.000 զինվորների, ծանր զինատեսակների, սպառազինության ընդգրկմամբ: Չեմ կարծում, որ սա կառուցողական մոտեցում է այսպիսի գագաթնաժողովներից առաջ և դրանց ընթացքում»,- հավելեց Նալբանդյանը:
Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումը բավական օգտակար էր:
«Որոշակի զգուշավորությամբ, սակայն, կարող եմ ասել, որ նաև կառուցողական մթնոլորտում էր: Որոշ հարցերի շուրջ նախագահներն այն ըմբռնման եկան, որ եթե այդ հարցերի շուրջ պայմանավորվածություն լինի, ապա հնարավոր կլինի բանակցային գործընթացն առաջ շարժել՝ դեպի հիմնախնդրի կարգավորման առաջընթաց: Այս մասին նաև նշված է հայտարարության մեջ, որն ընդունվել է նախագահների կողմից հանդիպման արդյունքում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հանդիպումները նախարարների, նախագահների մակարդակով, նաև՝ այս ամբողջ գործընթացն ընթանալու է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում: Պատահական չէր, որ նախագահների հանդիպման եզրափակիչ մասին եռանախագահող երկրների դեսպանները հրավիրվեցին մասնակցելու: Բացի այդ, ՀՀ Նախագահն առանձին հանդիպում ունեցավ եռանախագահների՝ ներկայացնելով մեր տպավորություններն այս գագաթնաժողովի արդյունքներից»,- եզրափակեց նա: