կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-26 01:10
Մշակույթ

Հախվերդյանը ու իր երգը` գրքի տեսքով

Հախվերդյանը ու իր երգը` գրքի տեսքով

«Հախվերդյանի «Եթե իմանայիր» երգն իմ կյանքի մի մասն է կազմում. այնքան հուշեր կան կապված երգի հետ, որ ամեն անգամ երգն իր հնչյուններով ջրի երես է հանում դրանք»,- ասաց Նարե Գրիգորյանը եւ խոստովանեց, որ Հախվերդյանի նույն ձայնասկավառակից արդեն 11-րդն է գնում. նախորդները մաշվել են` ամենօրյա գրաֆիկով «աշխատելու» պատճառով:

Ապրիլի 26-ին տեղի կունենա «Ռուբեն Հախվերդյան» գրքի շնորհանդեսը, որի հեղինակը Շուշան Արզաքանյանն է, ով Հախվերդյանի և նրա երգարվեստի մասին զրուցել եւ գրի է առել վաթսունչորս ժամանակակցի, որոնց հիմնական մասը մեր հանրությանը քաջածանոթ ու տարբեր բնագավառներում վաստակ ունեցող մարդիկ են:

Գաղտնիք չէ, որ Հախվերդյանը չի սիրում խոսել իր մասին, չի սիրում նաեւ, որ խոսում են իր մասին, առավել եւս, երբ խոսքը գովեստի տեսք է ստանում: Սակայն հեղինակը խոսել է ե'ւ երգահանի, ե'ւ այլոց հետ` երգահանի մասին:

Գիրքը բաղկացած է երկու բաժնից` «Ժամանակակիցները Ռուբենի մասին» և «Պատասխանում է Ռուբեն Հախվերդյանը», նաև կան տարբեր տարիների լուսանկարներ, հրապարակված աշխատանքների (ձայներիզների, գրքերի) ամբողջական ցանկը:

Շնորհանդեսը տեղի է ունենալու «Բյուրոկրատ» գրախանութում ժամը 17:00-18:00-ին. շնորհանդեսին ներկա կլինի Ռուբեն Հախվերդյանը` բնականաբար, իր կիթառով, և կմակագրի գրախանութում ձեռք բերված գրքերը: